Հայաստան`երկիր առանց ապագայի
Վերահսկվող տնտեսություն, մարդու իրավունքների ոտնահարում և Ադրբեջանի հետ պատերազմ սկսելու ռիսկ` այս ամենն ամեն տարի տասնյակ հազարավոր հայերի մղում է լքել իրենց հայրենիքը: Նրանք, ովքեր մնում են, հուսալքված են: Չնայած ամեն ինչին` երկրում տեղի են ունենում քաղաքացիական շարժումներ, որոնք փոփոխության ինչ-որ նշույլ են հաղորդում:
Հայաստանի մայրաքաղաքի թաղամասերից մեկում` մի աննկատ փողոց: Տասնյակ մարդիկ համբերատար սպասում են իրենց հերթին: Նրանց առջև երկու սպա է կանգնած, և կա ցուցանակ` հայերենով և ռուսերենով, որտեղ նշված է` այստեղ է գտնվում ռուսական միգրացիոն ծառայությունը: Այս մարդիկ քանի ժամ է` կանգնած են արևի տակ`մուտքի արտոնագիր ստանալու և Ռուսաստան աշխատանքի մեկնելու հույսով: Մթնոլորտը լարված է, և միգրացիայի ենթակա թեկնածուները հրաժարվում են մեր հարցերին պատասխանել:
1991 թվականին Հայաստանն անկախ հռչակելու պահից ի վեր երկիրը լքել է ավելի քան 1 միլիոն մարդ:
Սարգիսը (իրական անունը չէ) միակն է, ով համաձայնեց խոսել մեզ հետ, բայց միայն այն բանից հետո, երբ մենք հեռացանք հերթից և խոստացանք գաղտնի պահել իր իսկական անունը:
«Ուզում եմ Հայաստանից գնալ ոչ հաճույքիս համար: Այստեղ իրավիճակը անտանելի է:Ես խոհանոցներ եմ պատրաստում և քիչ գումար եմ աշխատում: Ռուսաստանում կկարողանամ աշխատել այնքան, որ կերակրեմ ընտանիքիս»:
Նա շատ լավ գիտակցում է, որ հազիվ թե կարողանա իր ունակություններին հարմար աշխատանք գտնել: Ներգաղթել ցանկացողներին հիմնականում աշխատանք են առաջարկում շինարարության ոլորտում, այն էլ` հիմնականում Սիբիրում:
2010 թվականին գրեթե 2000 հայ արդեն օգտվել են այդ ծրագրից, որը թողարկել են ռուսական իշխանությունները` երկրի ժողովրդագրական խնդիրն իրենց օգտին լուծելու նպատակով: Այնուամենայնիվ, այս ծրագրին մասնակցում են քչերը:
Երկիրը կորցնում է իր բնակչությանը
Լավատեսական կանխատեսումներով` 50 տարի անց երկրի բնակչությունը կկրճատվի 100-200 հազարով. Գագիկ Եգանյան
Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ` 2010-ին երկրից ընդհանուր թվով 28,960 մարդ է գնացել: Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչությունը պաշտոնապես 3.1 մլն է (իրականում այն 3 միլիոնից պակաս է), յուրաքանչյուր մարդու գնալը մեծ կորուստ է: Ամեն դեպքում, այս բարձրաստիճան պաշտոնյան չի խոսում մասսայական արտագաղթի մասին, նա միայն ասում է` «իրավիճակն անհանգստացնող է»:
Ժողովրդագիր (դեմոգրաֆ) և տնտեսագետ Ռուբեն Եգանյանը, ով ՄԱԿ-ի հանձնարարությամբ աշխատում է հայերի ժողովրդագրական խնդրի վրա, գծում է շատ տխուր պատկեր:
«Լավատեսական կանխատեսումներով` 50 տարի անց երկրի բնակչությունը կկրճատվի 100-200 հազարով: Առավել իրատեսական սցենարով` այդ թիվը կհասնի 500-600 հազարի: Վատատեսական կանխատեսումների մասին նույնիսկ չեմ ուզում խոսել»:
Հաշվի առնելով եվրոպական վիզա ստանալու դժվարությունները` արտագաղթողների մոտ 80%-ը մեկնում է Ռուսաստան:
Ռուբեն Եգանյանը համարում է, որ «ռուսների կողմից հայերի ընդունելությունը միանշանակ չէ: Այն բավական վատացել է: Ռուսաստանի կառավարությունն էլ անբարյացակամության դեմ պայքարելու ցանկություն չունի: Նրանք նույնիսկ այն օգտագործում են բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար: Չնայած ամեն ինչին` հայերը, ամեն դեպքում, շարունակում են աշխատել Ռուսաստանում»:
Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական և քաղաքական լճացումը հաստատում է այս մասնագետի խոսքը: Միջին աշխատավարձը 120,000 դրամ է, այսինքն` մոտ 235 եվրո: 2008-2010 թթ. աղքատության սահմանագծին են հայտնվել 270,000 մարդ (այսինքն` բնակչության մեկ տասներորդ մասը):
Օլիգարխների հանրապետություն
Ըստ կառավարության անդամներից մեկի վկայության` գործազուրկների թիվը երկրում 30%-ից ավելի է` այն դեպքում, երբ այն պաշտոնապես կազմում է 6%-ից ոչ ավելի: Նույնիսկ Հայաստանի տնտեսական աճը, որը համաշխարհային բանկի տվյալներով` 2012թ.-ին կարող է հասնել 7%-ի, չի կարող վերածնել դիտորդների հույսերը:
Ինչպես կարծում է միջազգային հարաբերությունների և Հայաստանի մասին մի քանի գրքերի հեղինակ Գ. Մինասյանը` «Տնտեսական աճը բավարար չի լինի բնակչության կյանքի վրա դրականորեն ազդելու համար: Որպեսզի հայերը իրոք կարողանան դրանից էական օգուտ քաղել, այն պետք է ամենաքիչը կազմի 10%: Բանն այն է, որ տնտեսությունը գտնվում է օլիգարխների ձեռքում, իսկ երկիրը քայքայում են սև շուկան և կաշառակերությունը: Հարկային վճարումները աննշան են»:
Իրականում մի խումբ հայ և ռուս գործարարներ իրենց ձեռքում են պահում տնտեսության ամբողջական բնագավառներ: Ըստ տեղի Արտադրողների միության ներկայացուցչի` վերջին տասը տարվա ընթացքում օլիգարխները թաքցրել են գրեթե 200 մլն դոլար: Բացի այդ` երկրի քաղաքական և տնտեսական վերնախավի սերտ կապերը Transparency International-ի վարկանիշային ցուցակում Հայաստանին կանգնեցրել են կաշառակերության 129-րդ տեղում` հնարավոր 182-ից:
Ռուբեն Հայրապետյանը կենդանի վկայությունն է այն բանի, ինչ քաղաքագետ Մինասյանը անվանում է «օլիգարխների հանրապետություն»: Գործող իշխանությունների մերձավոր այս գործարարը կենտրոնական տեղ է զբաղեցնում ծխախոտի, գազի, տեքստիլ և հյուրանոցային բիզնեսներում: Նա նույնիսկ եղել է խորհրդարանի պատգամավոր, սակայն իր ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանության պատճառով ստիպված է եղել հրաժարական տալ:
Զոհի հարազատները դժգոհ են, որ նրան չեն հարցաքննել որպես կասկածյալի:
«Մեզ շատ շուտով ընտրություններ են սպասվում, և այսպիսի ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդու կորուստը, ինչպիսին է Ռուբեն Հայրապետյանը, ռեժիմի համար բազմաթիվ դժվարություններ կբերեր»,- պնդում է ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը:
Դատարանների ոչ բավարար անկախությունը և մարդու իրավունքների ոտնահարումը նույնպես անդրադառնում են բնակչության վրա:
«Հաճախ մեղքի ընդունումը ուժի գործադրմամբ են ստանում, իսկ չինովնիկներին երբեք չեն հետապնդում: Տուժածները վախենում են վատացնել իրենց վիճակը և չեն դիմում դատարան: Ամեն դեպքում` նման գործերի վերաբերյալ արդար քննության սպասելն անիմաստ է»,- ասում է Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը:
Բացի այդ` պետական ապարատի դաժանությունը ամբողջ էությամբ երևաց 2008թ.-ի մարտին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի ժամանակ հաղթեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Իրավապահ մարմինները ճնշեցին ընդդիմության ցույցերը, որոնք պահանջում էին անցկացնել նոր ընտրություններ: Բախումների հետևանքով զոհվեց առնվազն ութ մարդ, այդ թվում` նաև մեկ ոստիկան:
2011թ.-ին ավելի քան 3600 հայեր հայց են ներկայացրել Ֆրանսիա` ապաստան ստանալու համար, քանի որ, նրանց խոսքերով, խուսափում են իշխանությունների բռնաճնշումներից:
Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը իր հերթին վստահ է, որ այդ մարդիկ պատմություններ են հորինում կտտանքների մասին, որպեսզի ապաստանի իրավունք ստանան, քանի որ այլ կերպ երբեք չեն կարող վիզա ստանալ:
Ինչ էլ որ լինի` Պետական խորհուրդը դրա հետ համաձայն չէ: 2010թ.-ին այն ժամանակավորապես Հայաստանին դուրս է հանել անվտանգ երկրների ցուցակից` հաշվի առնելով բռնությունը, որի զոհերն են դառնում ընդդիմադիրները:
Այս ամենի վրա ավելանում է բարդ աշխարհաքաղաքական ենթատեքստը: Հայաստանը մինչ օրս հակամարտում է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ (ադրբեջանական շրջանի հայ բնակչության մեծամասնությամբ): 1987-1994թթ. ձգված պատերազմի հետևանքով երկու կողմերի զոհերի թիվը կազմել է 20.000 մարդ` այն դեպքում, երբ ավելի քան մեկ մլն մարդ փախստական է դարձել: Երևանն ու Բաքուն դեռևս հաշտության պայմանագիր չեն կնքել և անընդհատ մեղադրում են միմյանց զինադադարի խախտման մեջ:
Սեպտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատերազմ կհայտարարի:
Պատկերն ամբողջացնելու համար` հիշեցնենք, որ Հայաստանը գտնվում է Թուրքիայի շրջափակման ներքո, որը Ադրբեջանի ավանդական դաշնակիցն է: Երկիրը ամբողջությամբ մեկուսացված է արևելքից և արևմուտքից, ինչը միջազգային կապերի զարգացման լուրջ խոչընդոտ է:
Չնայած իրավիճակի ծանրությանը` Վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Կարինե Կույումջյանը համարում է, որ արտագաղթը ավելի շուտ քմահաճություն է, քան թե անհրաժեշտություն: «Հայերի մեծամասնությունը, որոնք ցանկանում են հեռանալ երկրից, այստեղ էլ են լավ ապրում: Նրանք ուղղակի ցանկանում են ավելի լավ ապրել»,- ասում է նա:
Մշուշոտ ապագա
«Ապագայի նկատմամբ հավատքը փլուզվում է` այնպես, ինչպես ծառն է տապալվում ուժեղ քամուց»,- ասում է Ռուբեն Եգանյանը:
«Հասարակության մեծ մասը կարող է ուտել կուշտ փորով, զավակները կապրեն ավելի լավ, քան ծնողները: Ապագայի նկատմամբ հավատքը փլուզվում է` այնպես, ինչպես ծառն է տապալվում ուժեղ քամուց»,- ասում է Ռուբեն Եգանյանը:
Քաղաքագետ Կայծ Մինասյանը համաձայն է նրա հետ: Բնակչության մոտ տիրում է «անտարբերությունը և իշխանությունների նկատմամբ լիարժեք անվստահությունը: Մարդիկ չգիտեն ում դիմել օգնության համար: Երկրում բացակայում է հասարակական համաձայնությունը, և ստեղծված իրավիճակում միակ ելքը մնում է երկրից հեռանալը, էմիգրանտի ճանապարհը բռնելը»:
Երևանյան «Ջրաշխարհ»-ում աշխատող Լիլիթի խոսքերը բնորոշում են բնակչությանը համակած ֆատալիզմը. «Ես ատում եմ իմ երկիրը: Մեր ղեկավարությանը հետաքրքրում է միայն իր գրպանը և ոչ թե մենք: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան այստեղ: Հայաստանում նրանց համար ապագա չկա»:
Ամեն ինչից հիասթափված երիտասարդ այս կինը երազում է Եվրոպա տեղափոխվելու մասին, սակայն եվրոպական վիզա ստանալն անհնար է նրա համար, ուստի, ամենայն հավանականությամբ, նա կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նրա ամուսինը յուրաքանչյուր տարի մի քանի ամսով մեկնում է աշխատելու:
Հայաստանում ծնելիության մակարդակի անկումը թերևս հստակորեն ցույց է տալիս ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը: Եթե խորհրդային համակարգի փլուզման ընթացքում մեկ կնոջ բաժին էր ընկնում 2,5 երեխա, ապա այսօր այդ թիվը կրճատվել է` հասնելով 1,7 երեխայի:
«Ողջ դժբախտությունն այն է, որ մեր երիտասարդությունը ցանկություն ունի 3 կամ նույնիսկ 4 երեխա ունենալու, սակայն տնտեսական պայմանները նրանց ստիպում են մեկ, լավագույն դեպքում` 2 երեխա ունենալ»,- բողոքում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Հայաստանի զարթոնքը
2013 թվականին նախատեսված նախագահական ընտրությունները ցույց կտան` արդյոք Սերժ Սարգսյանը, ում անվանում են «վերջին մոհիկան», պարտություն կկրի՞:
Որոշողը կարող է լինել հենց բնակչությունը: Երևանում ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանում քաղաքացիական շարժումների երևան գալը:
Նա մասնավորապես ընդգծել է էկոլոգիական շարժումները, որոնք անցած տարի կանխեցին հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:
«Քաղաքացիական հասարակության ռազմավարությունը կայանում է հետևյալում. խուսափել ուղիղ առճակատումից կառավարության հետ և կենտրոնանալ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են շրջակա միջավայրը և օտար լեզուներ սովորելը: Այդ կերպ այն փորձում է տեղաշարժվել առանց բաց հարձակումների: Կարծում եմ` չնայած նրանք այժմ հետաքրքրվում են շրջակա միջավայրով, սակայն ապագայում կանցնեն քաղաքական հարցերին»,- ենթադրում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա լավատեսությունը շատ քիչ հայեր են կիսում, սակայն նա, այնուամենայնիվ, պնդում է, որ «հասարակությունը փոխվում է»:
Ուրեմն ի՞նչ, անտարբերությունը, որ կախված է հայերի քաղաքացիական հոգու վրա, աստիճանաբար վերանո՞ւմ է: Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է:
2013 թվականին նախատեսված նախագահական ընտրությունները մեզ ցույց կտան` արդյոք Սերժ Սարգսյանը, ում անվանում են «վերջին մոհիկան», պարտություն կկրի՞: Հակառակ դեպքում հայ ժողովրդի զարթոնքի մասին խոսելը դեռ վաղ է:
Կարո՞ղ է փոխվել Հայաստանը
Սահմանափակ բարեփոխումներն ակնհայտորեն անբավարար կլինեն ֆատալիզմի այս մթնոլորտը հաղթահարելու համար: «Մենք պետք է լիովին առողջացնենք տնտեսական, հասարակական և պետական համակարգերը,- համոզված է Ռուբեն Եգանյանը: - Պետք է կրճատել գործազրկությունը և հայերին հնարավորություն տալ այստեղ վաստակելու այնքան, որքան արտասահմանում: Այս նպատակով պետք է իսկական պայքար սկսել մենաշնորհների դեմ, ինչը ռեալ քաղաքական կամք է պահանջում, որն այսօր պարզապես չկա»:
Բնակչությունը համամիտ է այս կարծիքին, սակայն իշխանության ներկայացուցիչներն իրենցն են պնդում: «Ասել, թե պետությունն իրավիճակը փոխելու համար ոչինչ չի անում, բացարձակ սխալ է: Նախագահին ընտրել են այն ծրագրի հետ միասին, որը մենք հիմա կյանքի ենք կոչում: Կարելի է ասել, որ ամեն ինչ բավական արագ չի ընթանում, բայց դա դեռ չի նշանակում, թե մենք ոչինչ չենք անում»,- համարում է Գագիկ Եգանյանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ բոլոր այս հայտարարությունները ոչինչ չեն փոխի, քանի որ «իրավիճակի լավացման միակ հնարավորությունը Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Առանց տարածաշրջանում լավ հարաբերությունների` տնտեսության զարգացման ներուժ չի լինի»: Նրա կարծիքով` ներկայումս հարցն այն չէ` կբացվի՞ արդյոք սահմանը, թե՞ ոչ, այլ այն, թե դա երբ տեղի կունենա: «3-5 տարի հետո»,- ասում է նա: Բացի դրանից` բնակչության շրջանում նկատվում է «կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության աճ»:
Այս են վկայում օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի` Հայաստանի մայրաքաղաքի պատերին փակցված տասնյակ նկարները, որոնցում նրա դեմքը խզմզված է:
«Օլիգարխները Հայաստանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում: Կառավարությունը հասկանում է, որ իր ստեղծած հրեշները չափազանց վտանգավոր են դարձել, և ուզում է ազատվել նրանցից: Ես դա Ֆրանկենշտեյնի էֆեկտ եմ անվանում: Համակարգն այլևս չի կարող ջրի երեսին մնալ: Փակ տնտեսությունը, կամավոր թե ուժի գործադրմամբ, շուտով կբացվի: Այլևս չի կարելի հաշտվել քաղաքական և ֆինանսական հանցագործությունների հետ»:
Բացի դրանից` մի քանի նախանշան մատնանշում է այն, որ պետությունը սկսել է մաքրվել: Այս տարվա մայիսին խորհրդարանի պատգամավորը, ով զուգահեռաբար իր տաղանդը դրսևորել էր դեղագործության ոլորտում, ստիպված եղավ 50 մլն դրամ (մոտ 100 000 եվրո) տուգանք վճարել անբարեխիղճ մրցակցության համար: Մի՞թե գործը մեռյալ կետից շարժվել է: Դժվար թե` իր բլոգում գրում է իրավապաշտպան Գաբրիել Արմաս-Կարդոնան:
«Կա այս որոշման մեկնաբանման երկու եղանակ. պետությունը, վերջապես, ձեռք է բերել բավարար իշխանություն, որպեսզի օլիգարխներից խլի նրանց շուկաները, կամ որոշ օլիգարխներ պարզապես կօգտագործեն պետությունը մրցակիցների դեմ պայքարելու համար: Առաջին տարբերակն այն է, ինչ տեղի կունենար իդեալական աշխարհում, իսկ երկրորդն ավելի շուտ արտացոլում է իրերի իրական վիճակը»:
Ամեն դեպքում, նրա խոսքով` այս գործում, այնուամենայնիվ, կա դրական կողմ: Դա կարող է նախանշանը լինել այն բանի, որ օլիգարխները պատրաստվում են շուկայի և սահմանների բացմանը և փորձում են ամրապնդել իրենց դիրքերը` արդիականացված և մրցակցային պայմաններում շուկայի բաժնեմասը պահպանելու նպատակով:
Էմանուել Դենիել,
Slate.fr