«ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆՔ, ՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵՆ, ԻՐԵՆՔ ԷԼ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ՎԱՐՎԵՑԻՆ»

1980-ականների վերջին, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները խիստ լարված էին, Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն ու Ադրբեջանում ապրող հայերը սկսեցին հեռանալ իրենց բնակավայրերից: Այդ ժամանակ էր, որ Ադրբեջանի Շամախու շրջանի Քերքենջ հայաբնակ գյուղի և Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղըզըլ Շաֆագ ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները որոշեցին բնակավայրերով փոխանակվել:
Գյուղ մտնելիս ձախ կողմում կարելի է տեսնել ադրբեջանցիների գերեզմանաքարերը, իսկ աջ կողմում՝ հայերինը:
Այսօրվա բնակիչները վերհիշում են հեռավոր 1989 թվականը, երբ այս գյուղ եկան ու սկսեցին ապրել հայերի թողած տներում:
Ջեմիլե Օրուջովան 23 տարեկան էր, երբ ամուսնու հետ Հայաստանից տեղափոխվեց Քերքենջ: Հիշում է՝ ավելի քան 30 տարի առաջ, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը գնալով խորանում էր, հասկացան, որ վաղ թե ուշ պետք է հեռանան գյուղից:
«Այս տունը այն ժամանակ կար, բայց մյուս փոքր շինությունները ինքներս ենք կառուցել: Իմ սկեսրայրը և մյուս տարեց մարդիկ մեքենայով եկան այստեղ՝ տեսնելու, թե ուր կարող ենք տեղափոխվել, և գտան Շամախու այս գյուղը: Այստեղից էլ հայերն էին գնացել մեր գյուղ շրջայցի: Հետո մենք եկանք ու տեղավորվեցինք այստեղ, ամեն մեկը մի տուն վերցրեց, հենց այնպես՝ առանց պայմանավորվելու տներով փոխանակվեցինք», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է Օրուջովան։
Քերքենջի ներկայիս բնակիչները պատմում են, որ երբ որոշեցին փոխանակվել գյուղերով և տներով, գյուղի մեծերն իրար խոստացան, որ փոխադարձաբար պահպանելու են այնտեղ մնացած գերեզմանները և տարին մեկ այցի են գնալու հարազատների շիրիմին.
«Մենք թույլ չտվեցինք, որ գերեզմանները քանդեն, իրենք էլ նույն կերպ վարվեցին: Բայց հիմա չգիտենք ինչ վիճակում է մեր գերեզմանոցը», - ասում են Քերքենջի այսօրվա բնակիչները։ - «Ոչ ոք ձեռք չի տվել նրանց գերեզմաններին, բոլորը պահպանվել են: Մի ժամանակ ասում էին, թե մեր այնտեղի գերեզմանների վրա քարեր են դրել, բայց հետո շտկել էին՝ մտածելով, որ այստեղ էլ իրենք թողած շիրիմներ ունեն: Հիմա էլ ո՞վ է գնում-գալիս այնտեղ, դժվար է իմանալ, թե ինչ է պատահել»:


Читайте также

Оставить комментарий