Ալեքսանդր Դուգին. «Կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին»
Ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը «Առաջին լրատվական»-ի հեն զրույցում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին:
– Դուք խոսեցիք Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի մասին, որը հաջողությամբ համագործակցում է Սիրիայի հարցի շուրջ: Այս եռյակը մոտ ապագայում կամ երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ է փորձել նմանատիպ խնդիրներ լուծել նաև Հարավային Կովկասում, որպեսզի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվի Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի շրջանակներում:
– Նախ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ և ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է: Դա ոչ միայն պետությունների, այլև ժողովուրդների հարաբերություն է: Այստեղ Թուրքիայի մասնակցությունը պայմանական ասած՝ Ադրբեջանի կողմից, Իրանի մասնակցությունը պայմանական ասած՝ Հայաստանի կողմից և Ռուսաստանի մասնակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից սկզբունքորեն կարող է աշխատել: Ինչո՞ւ ոչ:
Գլխավորը՝ որքան հնարավոր է հեռու քշել Արևմուտքին, որը, չհասկանալով տարածաշրջանի խնդիրները և չկարողանալով նույնիսկ լուծել սեփական ազգային հիմնախնդիրները, մեջ է ընկնում իրենց չափանիշներով, որոնք գործուն չեն, չեն աշխատում: Իսկ եվրասիական տերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, բազմազգ պետություններ են, ունեն ազգային և կրոնական խմբերի միջև հարաբերությունների մեծ փորձ, կարող են փոխլրացնել միմյանց նման հարցերում: Օրինակ՝ Ռուսաստանը միայն քրիստոնեական երկիր չէ: Այո, մենք ուղղափառ երկիր ենք, բայց մեր երկրում ապրում են նաև մեծ թվով մուսուլմաններ, ուստի չենք կարող նայել մուսուլմաններին որպես մեր թշնամիների: Թուրքիան և Իրանը մուսուլմանական երկրներ են, բայց Թուրքիային ազգային ընդհանրության հիման վրա կապված է ադրբեջանցիների հետ, իսկ Իրանը պատմական արմատների, հնդեվրոպական ընդհանրության հիման վրա՝ հայերի հետ, առավել ևս, որ Իրանն ունի «հարավային Ադրբեջանի» խնդիր: Այսպիսով, այս կոնֆլիկտի, այս եռանկյունու ցանկացած կողմ ունի իր հետաքրքրություններն ու գերակայությունները, և դրանց գումարման և ուշադիր ու հանգիստ իմաստավորման դեպքում կարող ենք հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը, մանավանդ, որ շրջանների ազատագրման ալգորիթմն արդեն մշակված է: Շատերը դա մեկնաբանում են որպես Ղարաբաղի հանձնում, բայց դա այդպես չէ: Ոչ: Խոսքը Երևանի և Բաքվի միջև կառուցողական երկխոսություն սկսելու մասին է: Ես հասկանում եմ, որ թե՛ Երևանում և թե՛ Բաքվում «կառուցողական երկխոսություն» բառից սկսվում է ճիչ ու ոռնոց, և դա միանգամայն հասկանալի է: Սա շատ նուրբ խնդիր է:
Բայց ես, որպես ռուս մարդ, կարող եմ ասել, որ մենք շատ կուզենայինք, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը, այնուամենայնիվ, սկսվի: Եվ հայկական կողմից Ադրբեջանի հինգ, ոչ թե յոթ շրջանների վերադարձը՝ որպես բարի կամքի դրսևորում, կարող է կարևոր և նույնիսկ վճռական քայլ լինել դեպի իրավիճակի դեէսկալացիա, լարվածության թուլացում: Դրանից հետո ռազմական բախման վտանգը էապես կնվազի: Հետո կսկսվի դրանից որոշ օգուտներ ստանալու գործընթացը: Ես ուշադրություն դարձրեցի այն հանգամանքի վրա, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական և թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում:
– Բայց նման նախագիծ գոյություն չունի: Կան Մադրիդյան սկզբունքները: Ուզում եք ասել, որ նման նախագի՞ծ կա:
– Այո, հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ՝ «հայերից խլենք այդ հողերը», հայկական մամուլում դա գնահատվում է որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է:
– Ինչպե՞ս եք վերաբերվում պատերազմի վերսկսման կանխատեսումներին: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենն իր «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կարող է վերաճել լայնածավալ պատերազմի: Նոր էսկալացիայի ռիսկեր կա՞ն:
– Այո, իմ կարծիքով՝ կան: Ցավոք սրտի, կան, և ամենամեծ ռիսկն այն մտավախությունն է, որն արտահայտում է ամերիկյան կողմը: Կա այսպիսի հասկացություն՝ կոգնիտիվ կամ տեղեկատվական պատերազմ: Եթե ինչ-որ մեկն ասում է, թե այսինչ հակամարտությունը հավանական է, ուր որ է կսկսվի, բոլորը սկսում են սպասել այդ հակամարտությանը: Ես դասախոսությունների ժամանակ բազմիցս պատմել եմ հետևյալ պատմությունը: Սիրիայի հակամարտության ամենասկզբում Ալ-Ջազիրա հեռուստաալիքով հեռարձակվում է Հալեպում տեղի ունեցող բողոքի ցույցը: Մարդիկ դուրս են գալիս փողոց, նայում են՝ ոչ ոք չկա հրապարակում, բայց քիչ առաջ նրանք տեսել էին այդ նույն հրապարակը, որտեղ մեծ բազմություն էր հավաքված: Բայց երբ նրանք եկան, հրապարակն արդեն լցված էր, որովհետև բոլորը դուրս էին եկել տեսնելու, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Իսկ իրականում հեռուստացույցով ցուցադրվել էին Կահիրեի Թահրիր հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն՝ սկզբից լինում է տեղեկությունը, հետո մտավախությունը, իսկ հետո տեղի է ունենում այդ իրադարձությունը: Ամենամեծ վտանգն այստեղ այն է, որ այս կոնֆլիկտը շատ ձեռնտու է Ամերիկային, որովհետև կվարկաբեկի Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ո՛չ հայերը և ո՛չ էլ ադրբեջանցիները որևէ նշանակություն չունեն ամերիկացիների համար: Նրանք ընկալում են այս ժողովուրդներին որպես պայմանական հասկացություններ քարտեզի վրա: Հետևաբար, կարծում եմ, որ այս վտանգը կա, բայց ես նորից եմ ասում, որ կան ծրագրեր դրանից խուսափելու համար: