Հակական բանակը խուրդվել է ներհամակարգային բազարներում՝ իր վրա կրելով համակարգի բոլոր արատները
«Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով՝ ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է 52 զոհ, որից 22-ը զոհվել է հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով, իսկ 30-ը՝ սահմանից ներս, ոչ կանոնադրական հարաբերությունների, առողջական խնդիրների, դժբախտ պատահարների, զինծառայակցի կողմից պատճառված վնասի և այլ պատճառներով:
Վիճակն առավել քան մտահոգիչ է, եթե նույնիսկ օբյեկտիվ համարենք այն փաստարկները, թե բանակը հասարակության մի մասնիկն է և զերծ չէ բոլոր այն արատներից, որոնք ընդհանուր բնույթ ունեն: Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, ու եթե այս համատեքստում սահմանից ներս ավելի շատ զինվոր է զոհվում, հետևություն կարելի է անել, որ երկրի ներսում ունենք թշնամի, որն ավելի վտանգավոր ու ագրեսիվ է, քան նույնիսկ հակառակորդը, որը բացահայտորեն դիմում է հոգեմաշ պատերազմի մարտավարությանը», - նշում է Առաջիմ լրատվականը:
«Ներքին թշնամուն» պետք չէ փնտրել կոնկրետ պաշտոնյայի կերպարի կամ նույնիսկ պետական մարմնի ցուցանակի տակ: Դա կլինի պարապ զբաղմունք. պրոբլեմներն ավելի խորքային են և թաքնված են իշխանության ինստիտուցիոնալ ճգնաժամի, հասարակության դեգրադացիայի հիմքերում:
Նույնիսկ չենք հասցրել նկատել, բայց անցած տարիների ընթացքում բանակը կորցրել է իր միասնական ընկալումը՝ որպես պետական ինստիտուտ, անվտանգության գործիք: Իշխանության տրամաբանության մեջ այն վաղուց վերածվել է համակարգային սեգմենտի, որը թիրախավորում է այլ սեգմենտների՝ ստանալով նաև վերջիններիս հարվածները: Բանակը խուրդվել է ներհամակարգային բազարներում՝ կորցնելով իր իմունիտետը, իր վրա կրելով համակարգի բոլոր արատները, ինչի հետևանքով գեներալիտետ կոչվածը ամրոցներ է կառուցում ոչ թե առաջնագծում, այլ Երևանի էլիտար թաղամասերում՝ Հայաստանի ներսում բարիկադներ կառուցելով փոքրաթիվ և ագրեսիվ հարուստների ու մեծաթիվ և անճար աղքատների միջև:
Հենց քյասիբների խեղճուկրակներն էլ դառնում են բանակային բեսպրեդելի զոհերը, որովհետև բանակից գողացած միջոցները վերածվել են ամրոցների, գոլդ համարներով մեքենաների, որոնց պագոնավոր տերերը զինվորի դարդ ու ցավով ապրելու ժամանակ չունեն, իսկ ոչ պագոնավոր օլիգարխիան հազիվ հոգում է հաստավիզ քիլլերներով համալրված սեփական կրիմինալ «բանակի» կարիքները:
Բանակի ներսում անտանելի բարիկադ է գոյացել, որի մի կողմում, այսպես կոչված, զինվորական օլիգարխիան է, մյուս կողմում՝ քյասիբի որդիներից բաղկացած զորքը: Իշխանության համար բանակը հենց այդ, այսպես կոչված, ռազմական էլիտան է՝ կոռուպցիոն բուրգի պագոնավոր հատվածը: Հասարակության համար բանակը իր որդիներն են, ովքեր պետության շունչն այդպես էլ չզգացին ո՛չ դպրոցում, ոչ էլ բանակում, որտեղ շարունակում են տոն տալ «քուչի տղերքը»՝ քրեաօլիգարխիայի լյումպենացված և «սև» տեսակը:
Հայաստանի բանակի զինվորը հայտնվել է «Զանգեզուր» ֆիլմի հայտնի հերոսի դերում, որի վրա կրակում են ճակատից ու թիկունքից: Ու զոհվում են տղերքը՝ արտաքին ու ներքին թշնամու գնդակներից»: