Հունվարի 1-ից լայն սպառման ապրանքների թանկացումներ են սպասվում

irevanaz.comՈւղիղ մեկ ամսից թանկանալու են մի շարք լայն սպառման ապրանքներ։ 2018 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների մասով Հայաստանում ուժի մեջ կմտեն Եվրասիական տնտեսական միության մաքսային դրույքաչափերը, ինչի արդյունքում կբարձրանան միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները։ Լայն սպառման մթերքներից թանկանալու են օրինակ՝ ոչ ԵՏՄ անդամ երկրներիվ ներկրվող թռչնամիսը, կաթը, կարագը, ձեթը, թեյը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ թանկացումներն էական չեն լինի․ «1-ից 2 տոկոս կարագի մաքսատուրքերի բարձարցումն ա, մոտ 4 տոկոսով՝ թռչնամսինը, 2017-հետ համեմատած, ձեթի մասով՝ մինչև 2 տոկոս»:
Ազիզյանը բացատրեց, որ ԵՏՄ-ին միանալու պայմանագրով Հայաստանը մոտ 900 ապրանքների մասով ժամանակ էր վերցրել՝ մաքսային դրույքաչափերն աստիճանաբար՝ մինչև 2024 թվականը պահանջվող չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու 40 ապրանքատեսակների վերաբերող նոր դրույքաչափերը, ինչը ենթադրում է դրանց թանկացում։ Նպատակը, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի, Եվրասիական շուկայում ներքին առևտրի խթանումն է և տեղական արտադրողներին խրախուսելը։ «Այսինքն՝ բերվում են հավասար դաշտ, որտեղ տեղական արտադրողն արդեն կարողանում է սպառել իր ապրանքը, որը ենթադրում է և՛ աշխատատեղեր, և՛ լրացուցիչ հնարավորություններ»,- ասաց փոխնախարարը:
Նա ընդունում է, որ այսպիսով, օրինակ, ներկրվող էժան թռչնի մսի գինը կհասնի տեղականի գնին, բայց նաև պնդում է՝ սա տեղական արտադրողների համար հնարավորություն է՝ նոր արտադրություններ հիմնելու և պահանջարկը բավարարելու համար: Նրա խոսքով, հնարավոր է նաև, որ էժանանա տեղական արտադրանքը՝ վաճառքի ծավալների մեծացման հաշվին։ Խոսելով վերջերս գրեթե 40 տոկոսով թանկացած կարագի մասին, փոխնախարարն ասաց՝ քանի որ Հայաստանում այն շատ չեն արտադրում, կարելի է լայնորեն օգտագործվող նորզելանդականի փոխարեն օգտվել ռուսական կարագից, քանի որ Եվրասիական միության անդամ Ռուսաստանից ներկրվող կարագի պարագայում դրույքաչափերը չեն բարձրանալու։
Մինչև 2024 թվականը փոփոխվելիք մաքսային դրույքաչափերի մոտ 90 տոկոսը գնի բարձրացում են ենթադրում։ 2020 թվականից էլ կբարձրանա մեքենաների մաքսազերծման գինը՝ միջինը 5 տոկոսով։ Ինչ վերաբերում է գնաճին՝ փոխնախարարի խոսքով՝ այն շատ չի լինի, իսկ հարցին՝ ինչպե՞ս են գնաճը մեղմելու, Ազիզյանը պատասխանեց, որ նոր աշխատատեղեր են ստեղծելու տեղական արտադրանքը խթանելու միջոցով։ «Արդյունքում՝ բնակչությունը կունանա աշխատատեղ ունենալու ավելի մեծ հնարավորություններ, եկամուտ, հետևաբար՝ ապրանքներ սպառելու ավելի մեծ հնարավորություն»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, մինչդեռ, սա տեղական արտադրանքը խթանելու կեղծ ձև է և ապագա չունի։ «Հայրենական արտադրողներին, այո, պետք է խթանել, բայց խթանելու համար բավականաչափ անուղղակի գործիքներ կան՝ ճկուն վարկեր, գրավադրման ավելի լավ պայմաններ և այլն»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով սպասվող գնաճին՝ տնտեսագետն ասաց, որ բացի Եվրասիական միության շրջանակներում մաքսային դրույքաչափերի բարձրացման հետևանքով սպասվող թանկացումներից, 2018 թվականից ԵՏՄ երկրներում բարձրանալու են նաև ակցիզային դրույքաչափերը՝ արդյունքում՝ թանկանալու են ծխախոտը, օղին և վառելիքը։ Հաջորդ տարվանից ուժի մեջ են մտնելու նաև հարկային օրենսգիրքի մի շարք դրույթներ, ինչը նույնպես, Մանուկյանի խոսքով, գնային ճնշումներ կառաջացնի:



Читайте также

Оставить комментарий