Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը
Այս գիշեր ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը։ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունը հաստատեց ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ վերջինս գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցից առաջ Էդուարդ Գրիգորյանը խոստացել էր բացահայտումներ անել, փաստեր հրապարակել, որոնց մասին մինչ այս ոչ ոք չի խոսել։ Նամակից հետո, սակայն որեւէ հրապարակում չեղավ, որին հաջորդեց Գրիգորյանի մահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի գործով այլ վկաներ ևս կասկածելի հանգամանքներում մահացել են։
2014-ին ԱՄՆ-ում մահացավ Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը:
Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային Ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաեւ Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպմանը:
2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացել է սույն գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր:
Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ, ըստ շրջանառվող լուրերի, Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը, սակայն պաշտոնապես չի հաստատվել:
Մահվան հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը` կախվելու միջոցով: Սակայն, դեռեւս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, ով ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում եւ ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:
Այնուհետեւ, Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց 2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն գիտակցության չգալով, մահացել: Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:
2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ ահա 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Վերջինի պաշտպանները նշել են սակայն, որ նա սրտի հետ կապված նախկինում որեւէ խնդիրների չի ունեցել:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը