Հարությունյան Հայկ Արտեմի - ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ
Հայկ Հարությունյանը ամենայն հավանականությամբ շուտով հրաժեշտ կտա այդ պաշտոնին: Հայաստանի նախագահի վարչակազմի կուլուարներում լուրեր են տարածվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի մոռացել երկրի նախկին գլխավոր ոստիկանապետի ծառայությունները եւ մտադիր է Հայկ Հարությունյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար: Այդ պաշտոնում նա կփոխարինի Գորիկ Հակոպյանին, որը վաղուց պետք է անցած լիներ կենսաթոշակի:
Թե ինչպես կընդունի հայկական ընդդիմությունն այդ նշանակումը կանխագուշակել դժվար չԷ. Եւ ահա թե ինչու:
Անցյալ տարվա մայիսին Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, որի լեգիտիմությունը մինչեւ այսօր հայ ժողովրդի եւ հայ հասարակայնության մեծ մասի կողմից չի ճանաչվել, երկրի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղարկեց պաշտոնաթողության: Այո, շատերի համար բոլորովին անսպասելի էր այդ որոշումը, որովհետեւ Հայկ Հարությունյանը ըստ մի շարք քաղաքանագետների Սերժ Սարգսյանի կլանի ամենաակտիվ անդամներից մեկն է եղել մինչեւ պաշտոնից ազատվելը: Ամենայն հավանությամբ դա իրականություն է, հակառակ դեպքում այս տարվա հունիսի 18-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանով Հայկ Հարությունյանին Պետական պահպանության ծառայության պետ չէր նշանակի: Ինչումն է բանը, ինչի համար են նման կադրային փոփոխությունները:
Երկրի գլխավոր ոստիկանը պաշտոնից ազատվել է անցյալ տարվա մարտի 1-2-ին Հայաստանում կատարված դրամատիկական վախճան ունեցող դեպքերի համար: Ի լուր ամենքի, պետք է նշել, որ փետրվարի 24-ին Քոչարյանը որոշել էր զենքի ուժով ցրել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Սակայն այդ գաղափարը, որը հետագայում երկու անհաշտ մասի բաժանեց ամբողջ հայ ժողովրդին եւ հայ հասարակայնությանը, չպաշտպանվեց վոստիկանության եւ բանակի կողմից: Քոչարյանը ստիպված դիմեց Ղարաբաղի հատուկ ծառայության միավորումների օգնությանը: Կասկած չկա, որ եթե այդ օրերին ոստիկանությունը անբավ կատարեր նախագահի այս հրամանը, Հայկ Հարությունյանի համար նոր պաշտոն փնտրելու կարիք չէր զգացվի, քանի որ նա ղարաբաղյան կլանի համար մեծ գործեր էր կատարել ոստիկանապետի պաշտոնում:
Ինչպես հայտնի է, Հայկ Հարությունյանը երեւանցի է: Նա ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 20-ին:
1974-1976 թվականներին ծառայել է Սովետական բանակի շարքերում:
1976-1977 թվականին աշխատել է թաղային լիազորի օգնական: Այնուհետեւ ավարտել է Ռյազանի միլիցիայի բարձրագույն դպրոցը եւ 1981 թվականին ստացել է իրավաբանի մասնագիտություն:
1981-1991 թվականին օպերատիվ քննչական բաժնում զբաղեցրել է քննչի պաշտոնը, աշխատել է օպերատիվ-քննչական բաժնի պետ:
1991-1992 թվականներին աշխատել է թիվ 01 քննչական մեկուսարանի օպերատիվ մասի պետի տեղակալ, այնուհետեւ թիվ 18/2 աշխատանքային ուղղիչ գաղութի պետ:
Հայաստանի Համազգային շարժման ղեկավարման շրջանում Հայկ Հարությունյանը արագորեն տիրանում է բարձր պաշտոնի եւ աստիճանաբար զբաղվում է քաղաքական գործունեությամբ: Որի հետեւանքով 1992-1994 թվականներին նա զբաղեցնում է Ներքին Գործերի նախարարի տեղակալի, իսկ 1994-1997 թվականներին առաջին տեղակալի պաշտոնը: 1997-1999 թվականներին նշանակվում է Ներքին Գործերի եւ Ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ: Եւ այսպես, փաստորեն նա դառնում է Ներքին Գործերի նախարար:
Երբ Վազգեն Սարգսյանը ուժեղացնում է հսկողությունը՝ ուժային կառուցվածքների վրա, Հայկ Հարությունյանի դիրքերը սկսվում են թուլանալ: 1999 թվականի հոկտեմբերին նա նշանակվում է Ներքին Գործերի նախարարության ներքին զորամասերի հրամանատար:
Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսվեց ուժեղ կամպանիա, որի հետեւանքով նախագահի շրջապատը սկսեց համախոհներ փնտրել ուժային կառուցվածքներում, այդ թվում նաեւ՝ ներքին գործերի նախարարությունում:
Հավաստի աղբյուրների տեղեկատվությամբ Սերժ Սարգսյանը ծանոթանալով Հայկ Հարությունյանի հետ, ամուր կապեր է ստեղծում եւ օգտվում է նրա ծառայությունից: Հ. Հարությունյանը Սերժ Սարգսյանին խոստանում է, որ երկրում անկայուն իրավիճակ ստեղծվելու պարագայում նա պաշտպանելու է նախագահին:
Եւ այսպես, 1999 թվականին Հայկ Հարությունյանը նշանակվում է ներքին գործերի նախարար: Անձամբ Հ. Հարությունյանի եւ նրա զինակից Աշոտ Գիզիրյանի ջանքերով, որն այն ժամանակ մայրաքաղաքի ոստիկանության պետն էր, կանխարգելվում է Քոչարյանի հակառակորդների կողմից կազմակերպված հանրապետության տարբեր տարածքներից բողոքի ցույցերին մասնակցելու համար Երեւան եկող մարդկանց հոսքը:
Հայկ Հարությունյանը ներքին գործերի նախարար նշանակվելու առաջին իսկ օրվանից լոյալ վերաբերմունք է ցուցաբերում Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հանդեպ: Չնայած Հայկ Հարությունյանը ոչ մի կապ չունի ղարաբաղյան կլանի գործունեության հետ, այնուամենայնիվ, նա վայելում էր կլանի մեծ վստահությունը:
Հ.Հարությունյանը համարվում է Սերժ Սարգսյանի թիմի ակտիվ գործող անդամներից մեկը: Այդուհանդերձ նա աշխատում էր անմիջական չմասնակցել երկրի քաղաքական կյանքին եւ ջանում էր իր մասին ստեղծել “անվտանգության մարմինների մասնագետի ազնիվ աշխատակցի” իմիջ: Հ. Հարությունյանը քաղաքական ամբիցիաներ չի դրսեւորում եւ քաղաքական ուժերի հետ փոխհարաբերությունների մեջ չի մտնում: Հ.Հարությունյանը բարոյա-հոգեբանական առումով բավականին զուսպ է: Լուրջ, զուսպ եւ մի քիչ էլ չոր լինելը նրա բնավորության բնորոշ հատկանիշներն են: Չի սիրում մասսայական միջոցառումները: Ջանում է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ է հակումը դեպի զինվորական համազգեստն ու զենքը:
Հայկ Հարությունյանը ամենամոլի կարիերիստ է: Հավաստի աղբյուրները փաստում են, որ Հ.Հարությունյանը իր կարիերային եւ այդ բարձր պաշտոնին տիրանալու համար ոչինչ չի խնայել եւ նույնիսկ իր մոտիկ ընկերների ու գործընկերների դեմ եղել է անողոք ու ոխերիմ:
Հայկ Հարությունյանի հակառակորդները պնդում են, որ Պետական պահպանության ծառայության պետը դեռեւս խորհում է թաղայինի մտածելակերպով ու մակարդակով: