Ուզեիր Ջաֆարով. «Եթե չլիներ Ռուսաստանը, Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվեր»

irevanaz.comՀարցազրույց ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի հետ:
– Պարո՛ն Ջաֆարով, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Հետևելով հայ-ադրբեջանական շփման գծի լարված իրավիճակին և ընդհանրապես հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զագացումներին՝ ի՞նչ եք կարծում՝ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում հիմա հնարավո՞ր է:
– Չգիտեմ՝ ով ինչպես է մտածում, բայց անձամբ ես չեմ հավատում ո՛չ Մինսկի խմբին, ոչ էլ համանախագահներին: 20 ից ավել տարիների ընթացքում իրենք «ապացուցել են», թե ինչի են ունակ և ինչ ավանդ ունեն հակամարտության կարգավորման հարցում: Դատարկախոսություն, ֆորմալ բանակցություններ, տարբեր մակարդակների անարդյունք աշխատանք՝ աշխարհի տարբեր հանգստյան երկրներում: Մարդիկ ուրիշի դժբախտության վրա իրենց երջանկությունն են կառուցում և ամեն անգամ «պայծառ ապագա» խոստանալուց բացի՝ ոչինչ չեն անում:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամերիկացի համանախագահ պարոն Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ կմնա որպես մի անձ, որը համարյա ամեն շաբաթ թվիթերյան իր էջում «շեդևրներ» է գրում, որոնք, սակայն, ոչ մի արդյունք չեն ունենում: Եթե հավատանք նրան, ապա Ղարաբաղում վաղուց խաղաղ ու հանգիստ է, բայց իրականությունն այդպես չէ, ու դա պետք է հասկանան և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում:
Այդ երեք «եղբայր-ակրոբատները», գումարած՝ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը, լեհ անփոխարիների դիվանագետ պարոն Անջեյ Կասպրշիկը, որին վաղուց երևի արդեն մոռացել են հարազատ Լեհաստանում, միայն ցույց են տալիս, թե առավոտից երեկո աշխատում են: Հիմա կողմերին առաջարկում են մի տարբերակ , որի մասին երևի 20-30 անգամ տարատեսակ քննարկումներ են եղել:
Եթե այդ հակամարտության կարգավորման մեջ չկա որևէ տեղաշարժ կամ դինամիկա, ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Եթե այդպես է, ապա Ադրբեջանը միշտ առաջարկել և այսօր էլ Ղարաբաղին առաջարկում է ամենաբարձր կարգավիճակը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մեր երկիրն առաջարկում է ավելի բարձր կարգավիճակ, քան նույնիսկ Խորհրդային միության ժամանակաշրջանում է եղել: Եվ մի՞թե հասկանալի չէ, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ միջազգայնորեն ճանաչված իր տարածքում հայկական երկրորդ պետությունը լինի: Այդ մասին ոչ մեկ անգամ հայտարարել է և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։
Ես այդ պատճառով կարծում եմ, որ նման հերթապահ հայտարարությունները համանախագահների կողմերից միայն ժամանակի վատնում կարելի է համարել: Դա հին և վաղուց մոռացված երգ է: Սկզբում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի խիստ կատարումը, որտեղ շատ պարզ ու հստակ ասվում է, որ հայկական զինված միավորումները պետք է Ադրբեջանի տարածքից դուրս հանվեն, և միայն դրանից հետո՝ մնացած բոլոր հարցերը։
Եվ շփման գծում ոչ մի լարվածություն կողմերի միջև չի կարող Ադրբեջանի վրա ճնշում լինել, որ պաշտոնական Բաքուն կարգավիճակի հետ կապված որևէ քննարկման գնա: Նախ մարդիկ պետք է վերադառնան իրենց մշտական բնակության վայր, և միայն դրանից հետո լուծվեն բոլոր հարցերը, որոնցում կարող են ներառվել և՛ կարգավիճակի, և՛ միջնորդների հետագա գործունեության հարցերը:
Իմ անձնական կարծիքով՝ եթե ուղիղ կոնտակտ լիներ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչների միջև՝ հնարավոր է՝ վաղուց նման իրավիճակից դուրս գալու ելքեր գտնված լինեին: Ուղղակի որոշ մարդկանց ձեռնտու չէ նման տարբերակը, և այդ պատճառով ամեն կերպ փորձում են այնպես անել, որ կարգավորման ընթացքը հապաղի:
– Հայաստանի նախագահը Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ողջամիտ զիջումների Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո, բայց ի պատասխան դրան՝ Ադրբեջանը, կարծես, մի քանի օր շարունակ սահմանը բավականին լարված էր պահում:
– Ես, ինչպես նաև Հայաստանի շատ քաղաքացիներ, շատ հարցերի, այդ թվում նաև արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում Հայաստանի նախագահին չեմ հավատում: Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ զիջումների մասին է խոսում պարոն Սարգսյանը, երբ մինչ այս պահը ոչ մի խոսք չի ասվել ինչպես իր երկրի ներսի, այնպես էլ ողջ տարածաշրջանի մթնոլորտի առողջացման մասին: Ինչի՞ է հասել նա այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Հայաստանի նախագահն ավելի շատ Մոսկվայի թելադրանքով է քայլերն իրականացնում, ընդ որում՝ եթե չլիներ հենց այդ Ռուսաստանի միջամտությունը, ապա խնդիրը վաղուց լուծված կլիներ: Ուղղակի Սարգսյանի ռեժիմը չի կարողանում մերժել Մոսկվայի իր վերադասներին: Եթե չլիներ Ռուսաստանը, ապա Ադրբեջանը կվերականգներ իր տարածքային ամբողջականությունը, և բազմաթիվ քաղաքացիներ՝ երկու կողմից էլ, վաղուց կդադադրեին տանջվել: Ինչքան զոհեր ու կորուստներ՝ ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում… Եվ ո՞վ է դրա համար պատասխան տալու:
Այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում շփման գծի ողջ երկայնքով, որևէ զիջումների չեն բերելու, և ես հեռու եմ այն մտքից, թե կարող են սկսվել լայնամաշտաբ պատերազմական գործողություններ: Շփման գծում նման իրավիճակներ էլ են եղել, և պետք է անկեղծ լինել ու ասել, որ նախկինում իրավիճակն էլ ավելի սուր էր, և զոհեր երկու կողմից էլ ավելի շատ էին լինում: Ուղղակի տառապում են երկու կողք կողքի ապրող ժողովուրդներ: Հենց Հայաստանը սրանից ավելի շատ է տանջվել, քան Ադրբեջանը: Այո, ժամանակավորապես մեր տարածքները օկուպացված են, բայց բոլորը հասկանում են, որ դրսում 21-րդ դարն է, և իրավիճակն այսպես անվերջ չի կարող շարունակվել: Ամեն ինչ կտանի նրան, որ իրավիճակը կհանգի իր նախորդ տեսքին: Թե դա ինչպես կլինի՝ դժվար է կանխատեսել, բայց ցանկալի կլիներ, որ դա շուտ լիներ, ու երկու կողմից էլ քիչ կորուստներ լինեին։
– Հայաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը մեզ մեծ նվեր է արել Բաքվի եվրոպական խաղերի ժամանակ՝ ապահովելով սահմանի խաղաղությունը, սակայն հետագայում ողջ միջազգային հանրությունը համոզվել է, որ դա ընդամենը խաղաղության իմիտացիա է: Ադրբեջանին ինչո՞ւ է պետք սահմանի լարվածությունը:
– Հայաստանի նախագահի այն խոսքերը, թե Ադրբեջանը նրան մեկասմյա նվեր է արել Եվրոպական խաղերի ժամանակ, պետք է հասկանալ, թե Սարգսյանը այդ ժամանակաշրջանն օգտագործել է սեփական շահերի համար:
Նրա թիմը բարձրացրել էլեկետրաէներգիայի սակագինը, որը հետագայում բոլորի համար մեծ գլխացավանք առաջացնող ցույցերի վերածեց:
Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ուղղակի ցուցադրեց իր չիմացությունը: Այդ ո՞ր երկիրը Եվրոպական խաղերի ընթացքում ռազմական գործողություններ կծավալի: Ինքը՝ Ադրբեջանը, դիմել է միջազգային հանրությանը, որ այդ շրջանում որևէ անհանգստություն, չսպասված միջադեպ չլինի:
– Ռուսաստանը 200 մլն դոլար վարկի դիմաց Հայաստանին զենք է վաճառելու: Ե՛վ հայկական, և՛ ռուսական լրատվամիջոցները գրում են, որ հնարավոր է՝ «Իսկանդեր-Մ» համալիրի վաճառք: Դա ինչպե՞ս կանդրադառնա ուժերի հավասարակշռության վրա: Տարածաշրջանի ո՞ր երկրների դեմ կարող է օգտագործվել «Իսկանդեր-Մ»-ը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս գործարքից հետո Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր քանակ վաճառի:
– Այն, որ Ռուսաստանն իրեն երբեք անկեղծ չի պահել Ղարաբաղի հարցում ՝ հայտնի է և՛ Ադրբեջանում, և՛ անգամ Հայաստանում: Իմ կարծիքով՝ Ռուսաստանին, ԱՄՄ-ին , ինչպես նաև Ֆրանսիային ձեռնտու է, որ շփման գծում լարվածություն լինի: Նրանք վարպետորեն օգտագործում են առիթը և տարատեսակ զենքեր առաջարկում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին:
Այն, որ հիմա ակտիվորեն քննարկվում է հարց, թե Ռուսաստանը 200 մլն վարկի դիմաց Հայաստանին զենք է վաճառելու, և դա կներառի նաև «Իսկանդեր-Մ»-ի վաճառքը, վերը նշվածի վառ օրինակն է: Նրանց համար կարևորը փողն է: Իսկ երկու երկրների ճակատագրերը, որոնք ապագայում էլ ստիպված ն լինելու հարևանությամբ ապրել, նրանց չի հետաքրքրում:
Այդ քայլով Ռուսաստանը կցավեցնի նաև Թուրքիային՝ մի երկրի, որն այն ճգնաժամային օրերին, երբ ամբողջ աշխարհը Պուտինի ու նրա թիմի դեմ էր Ուկրաինայի պատճառով, օգնության ձեռք մեկնեց Ռուսաստանին: Ինչքան շատ լինի սպառազինությունը տարածաշրջանում, այնքան ավելի մեծանում է երկրների միջև ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը:
–Իրանի ապաշրջափակումից հետո հնարավո՞ր է՝ այդ երկիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունենա:
– Իրանը մշտապես Ղարաբաղի հարցում ունեցել է մի այնպիսի դիրքորոշում, որ չնեղացնի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ Մենք չպետք է մոռանանք, որ հենց Իրանը ակտիվորեն օգնում է Հայաստանին և՛ տնտեսական, քաղաքական, մշակութային, և՛ վերջին շրջանում՝ նույնիսկ ռազմական մի շարք հարցերում:
Առանց Իրանի ակտիվ աջակցության՝ Հայաստանի համար բավականին դժվար և կատաստրոֆիկ կլիներ կյանքի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Ինչ վերաբերում է Իրանի և «վեցյակի» համաձայնությանը, ապա Իրանը ավտոմատ կերպով դուրս եկավ անհնար մի իրադրությունից: Ոչ ոք այդպիսի վերջաբան չէր սպասում: Բայց նման բան եղավ, և հիմա տարածաշրջանում ու աշխարհում շատերը կարող են հանգիստ շունչ քաշել: Թեհրանը կարողացավ ԱՄՆ-ին և մյուս երկրներին ապացուցել, որ մինչ այս պահը նրանք ճիշտ ճանապարհի վրա էին, և հիմա նրանք ավելի համարձակ կերպով կարող են առաջարկել իրենց միջնորդական դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Չնայած՝ մոտակա ժամանակաշրջանում հաջողության չպետք է սպասել: Միայն Բաքվի և Երևանի միջև է հնարավոր սպասել երկար սպասված պայմանավորվածության Ղարաբաղի հարցով: Եվ որքան շուտ դա պատահի, այնքան ավելի լավ ամբողջ տարածաշրջանի և մեր երկրների քաղաքացիների համար: Պետք է դադարենք թշնամական գործունեությունը և անցնենք ակտիվ համագործակցության կյանքի բոլոր ոլորտներում: Ես հասկանում եմ, որ սկզբից դա կլինի բավականին բարդ, գրեթե անհնար, բայց առանց դրա Հարավային Կովկասում խաղաղություն լինել չի կարող:
1in.am

 



Читайте также

Оставить комментарий