Ռեջեփ Թայիբ էրդողան. «Մեր կոչերը մնում են անպատասխան, որովհետև նրանց նպատակը փաստերի ուսումնասիրությունը չէ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում, հայտարարել է, որ հայերի ցեղասպանության պնդումները միջազգայնորեն ճանաչելու արշավների նպատակը ոչ թե ճշմարտությունը բացահայտելն է կամ հայերի տառապանքների հիշատակումը, այլ Թուրքիայի վրա հարձակվելը:
Նա ասել է, որ այսօրվա Թուրքիան ոչ մի կապ չունի հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդունել է, որ պատերազմի ժամանակ հնարավոր է՝ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, միաժամանակ ավելացնելով, թե այդ տարիներիների ընթացքում նաև հարյուր հազարավոր թուրքեր սպանվել են հայերի կողմից:
Էրդողանը դիմելով հայկական կողմին նորից առաջարկել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել:
«Այ՜ հայկական սփյուռք, այ՜ հայկական վարչակազմ, մեր արխիվներն այստեղ են, մենք հարյուր հազարավոր փաստաթղթեր ունենք, ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ: Որքա՞ն փաստաթուղթ ունեք դուք, բերեք ձեր փաստաթղթերը և մենք կհանձնարարենք պատմաբաններին, քաղաքագետներին, նույնիսկ հնագետներին ու իրավաբաններին՝ ուսումնասիրել դրանք: Փնտրեք ճշմարտությունն այստեղ», - ասել է Էրդողանը:
Նա նշել է, թե գումարների և լոբբիստական աշխատանքի միջոցով իրականացվող հակաթուրքական արշավները ոչինչ չեն տա:
Թուրքիայի նախագահը, ասելով, թե ճշմարտությունը պետք է փնտրել արխիվներում, մեղադրել է հայկական կողմին, որ չեն արձագանքում արխիվները ուսումնասիրելու և պատմության ճշմարտությունը բացահայտելու կոչերին:
«Մեր կոչերը մնում են անպատասխան, որովհետև նրանց նպատակը փաստերի ուսումնասիրությունը չէ, մենք ոչ մի պատասխանատվություն չունենք, փոխարենը, եթե մենք ուսումնասիրենք վերջին 100-150 տարիներին մեր ժողովրդի անցած ճանապարհը, մենք կարող ենք գտնել շատ ավելի տառապանքներ, քան իբր ունեցել են հայերը»:
Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում՝ Օսմանյան արխիվի շենքում Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառմանը: Աշխարհի տարբեր երկրներից այստեղ ժամանած արխիվների ղեկավարները մասնակցել են «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը 100-րդ տարում» կոչվող համաժողով-ցուցահանդեսին: