«Նեզավիսիմայա գազետա». «ԵԽԽՎ-ում ՌԴ-ի օգտին քվեարկությամբ Բաքուն մեսիջ հղեց Մոսկվային ու Եվրոպային»
Ադրբեջանում և արևմտյան որոշ երկրներում քննարկումներ են սկսվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանին ձայնից զրկելու քվեարկության ընթացքում Ադրբեջանի պատվիրակության միաձայն դիրքորոշման վերաբերյալ, գրում է Независимая газета-ն:
«Ադրբեջանը ԵԽԽՎ-ում աջակցություն է հայտնել Ռուսաստանին այն դեպքում, երբ նման քայլի չեն գնացել անգամ ՌԴ-ի ամենամոտ դաշնակիցները՝ հատկապես Հայաստանը»,- գրում է պարբերականը:
Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Բաքուն կողմ արտահայտվեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, շատերը հույս ունեին, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև «սև կատու» կանցնի: Ենթադրվում էր անգամ, որ բոլոր միջազգային հարթակներում Բաքուն ռուսական նախաձեռնություններին դեմ հանդես կգա: Սակայն հակառակ դրան՝ Ադրբեջանը որոշեց նոր մակարդակի հասցնել համագործակցությունը Մոսկվայի հետ: Իսկ ԵԽԽՎ-ում Ռուսաստանին աջակցելը շատերն ընկալեցին որպես Բաքվի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն:
Հարկ է նշել, որ այդ իրավիճակը քիչ հարցեր չառաջացրեց նախևառաջ Ուկրաինայում: Հայտնի բլոգեր Վուգար Հասանովի խոսքով՝ ուկրաինացի հայտնի քաղաքագետ Եվգենի Մագդան Բաքվի իր գործընկերներին հրապարակային հարց է հղել, թե ինչու, ամեն դեպքում, Ադրբեջանը ԵԽԽՎ-ում աջակցեց Ռուսաստանին այն պարագայում, երբ հայ պատգամավորները ձեռնպահ մնացին:
Դատելով ուկրաինացի ինտերնետ-օգտատերերի մեկնաբանություններից՝ քաղաքագետի հարցը դեռ արդիական է, հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը «Вести 24» հեռուստաընկերության եթերում դրական գնահատեց Բաքվի որոշումը։ «Բաքվի պատվիրակության մեր ընկերներն ու գործընկերները քվեարկել են այնպես, ինչպես հարկ են համարել՝ հանուն արդարության, առողջ մտքի ու ժողովրդավարության», -ասել է Նարիշկինը:
Ադրբեջանցի վերլուծաբանների մեծ մասը, սակայն, նշում է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում պաշտպանելով իր ազգային շահերը՝ փաստորեն ուղերձ է հղում ինչպես Եվրոպային, այնպես էլ Մոսկվային:
Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի շուրթերով ասվում է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն ապարդյուն են: Մոսկվայի հետ կարելի է և պետք է քաղաքականություն կառուցել փոխվստահության և երկխոսության հիմքով: Ըստ ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանին ուկրաինական իրադարձությունների համար պատժելը կրկնակի ստանդարտների կիրառման տարրական օրինակ է:
Վերջին 20 տարվա ընթացքում Բաքուն միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել հայկական ագրեսիան, նրա կողմից իր տարածքի 20%-ի օկուպացիան և պատժամիջոցներ կիրառել Երեւանի դեմ: Սակայն, այս խնդիրը չի լուծվել, ընդհակառակը, Հայաստանին ցուցադրվում է ինչպես ռազմական այնպես էլ ֆինանսական աջակցություն: