Ժիրայր Լիպարիտյան. «Այսօրվա իրավիճակում որքան էլ լուծում նկատվի՝ լուծում չէ, երբ` գլխավոր հակառակորդը դա լուծում չի համարում և միջոցներ է կուտակում հարցը լուծելու համար»

irevanaz.com«Ես հիշում եմ, մեկ-երկու տարի առաջ Ադրբեջանից Հայաստանի սահմանին կրակոց էր եղել, և ՀՀԿ-ի ներկայացուցիչներից մեկը հարց բարձրացրեց, թե ինչ է անում միջազգային հանրությունն այս խնդիրը լուծելու համար: Բայց դա ո՞ւմ խնդիրն է, միջազգային հանրությունն ուրիշ խնդիր չունի և ա՞յս հարցը պետք է լուծի: Դա մեր խնդիրն է, ուրեմն մենք պետք է լուծենք»: Այդ մասին հայտարարել է 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին պարոն Լիպարիտյանն ասել է.
«Մենք մի ճակատում չէ որ պայքար ունենք, մենք մի քանի մեծ խնդիրներ ունենք, որոնք փոխկապակցված են, և դրանց լուծում գտնելու համար պետական մտածելակերպ ու երևակայություն է պետք:
Գիտեք, մենք շատ հարցեր ենք ճշտել Ադրբեջանի հետ, և այդ երկրները (Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, Ամերիկան և Եվրոպան - «Իրևան») եղել են իրավիճակին չտիրապետող հանդիսատես: Եթե մենք և Ադրբեջանը համաձայնենք որևէ լուծման գնալ, ով ինչ կարող է անել: Դրսից կարող են ներքին ուժերին հրահրել խանգարել գործընթացներին: Բայց մենք պիտի աշխատենք թե ներսում, թե դրսում: Ամերիկան ի՞նչ է անելու, եթե մենք ուղղակի աշխատենք: Ես այդ փորձը ունեմ, բայց հիմա չեմ ուզում դրան անդրադառնալ: Անձնական կապեր կային՝ վստահության վրա հիմնված: Ո՞րն է պատճառը, որ մենք հիմա ուղղակի կապեր չունենք: Ինչի՞ց ենք վախենում: Լուծումի՞ց, թե՞ պատասխանատվություն վերցնելու վախից: Կա՞ն այդ կապերը՝ դժբախտաբար, չկան: Անցած ամառ Բաքվում էի, և քանի որ ես հարգում եմ մեր պետականությունը, իմ այդ այցի մասին տեղյակ էի պահել Հայաստանի իշխանություններին: Բայց որևէ  մեկը չհետաքրքրվեց, թե ես այնտեղ ինչ էի ասելու, ինչ ասեցի, ում տեսա, և ինչ խոսեցինք: Իսկ մեր հիմնական շահերն ապահովող ու արդար լուծման դեմ գնացող որևէ ներքին ուժ պատմության առաջ պիտի ստանձնի հետևանքների պատասխանատվությունը: Մենք պիտի սովորենք ստանձնել մեր արածի ու չարածի, ասածի ու չասածի  պատասխանատվությունը, դադարենք վատ արդյունքը վերագրել օտարներին ու հերոսացնել առանձին անհատների և զոհերի:
 Չի կարելի ասել, թե մենք քաղաքականություն ենք վարում, այն էլ` անկախ քաղաքականություն, երբ ոչ մի նախաձեռնություն չենք անում:
Մեզ համար կարևորը պիտի լինի որոշելը: Նախ՝ Հայաստանին ու Ղարաբաղին անհրաժե՞շտ է ԼՂ հարցի լուծումը, թե՞ ոչ: Հստակ պիտի լինի, որ այսօրվա իրավիճակում որքան էլ լուծում նկատվի՝ լուծում չէ, երբ`
ա) գլխավոր հակառակորդը դա լուծում չի համարում,
բ) երբ այդ հակառակորդը միջոցներ է կուտակում հարցը լուծելու համար, մինչդեռ մեզ մոտ շատերը որոշել են, որ ԼՂ հարցը միայն իրենց հարցն է: 
գ) Միջազգային հասարակությունն ու իրավունքը որքան էլ երբեմն անարդար լինեն, չեն ընդունում ներկա դրությունը:
դ) Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը՝ մեր ամենամոտ ռազմավարական գործընկերները, երբևէ չեն համաձայնել ԼՂ անկախությանն ու նույնիսկ ստատուս քվոյի պահպանմանն այնքանով, որ կարողանան այդ իրավիճակն օգտագործել տարածաշրջանային ու նույնիսկ իրենց ավելի լայն ռազմավարական խնդիրների օգտին: Ու թերևս ամենակարևորը՝
(ե) ինչպես նշել էի մոտ երկու տարի առաջ, արտագաղթը Հայաստանում արդեն հասել է մի աստիճանի, որ սպառնում է ոչ միայն դեմոգրաֆիկ ու տնտեսական զարգացմանը, այլև ազգային անվտանգությանը»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Լիպարիտյանը նշել է.
«Ռոբերտ Քոչարյանը մարդ է, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում և չէր էլ ուզում կարդալ: Նա չուներ ռազմավարական մտածողություն: Իր տասնամյա իշխանության օրոք նրա հիմնական մտահոգություններից մեկն էր արդարացնել այն, ինչ ինքն արեց նախագահ Տեր-Պետրոսյանի նախագահության հետ: Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր բանակցությունների ընթացքում նա փորձել է ոչ թե հարցը լուծել ըստ էության, այլ ցույց տալ, որ ինքը կարող է 1997թ. սեպտեմբերին Տեր-Պետրոսյանի պայմանականորեն ընդունած փուլային լուծումից ավելին ձեռք բերել: Քոչարյանը դա անելու համար նույնիսկ «բազարի» մեջ ընդգրկեց Մեղրին: Վ. Օսկանյանն էլ, որպես արտգործնախարար, ընդունեց այդ մտածողությունը ու գործեց այդ կերպ, դրա համար էլ նրա խոսքերն այսօր ինձ համար այնքան էլ կարևոր չեն»:
Պատասխանելով Սիրիայում կատարվող իրադարձությունները տարածաշրջանի և հատկապես Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հարցին Լիպարիտյանը ասել է թե առաջին ազդեցությունն այն է, որ այդ հարցում Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունը շատ ավելի սրված է: Իսկ դա պատճառ կդառնա, որ ՌԴ-ն մտածի, թե մյուս հարցերում ինչպես անի, որ Եվրոպային ու ԱՄՆ-ին պատժի: Եվ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը Սիրիայի պատճառով ավելի խիստ կարող է լինել, ու կարծեք արդեն Ռուսաստանի համար դա ստացվում է: ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստվում է հարվածել Սիրիային, և հարվածելու են ՌԴ-ի համար շատ կարևոր ռազմաբազայի ու նրա միջազգային վարկին: Իսկ Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշման խստացումը կարծրացնում է ՌԴ դիրքորոշումն այն հարցերում, որտեղ ԱՄՆ-ը հետաքրքրություն ունի: Դրա համար էլ ինձ համար այնքան զարմանալի չէ Մաքսային միության վերաբերյալ Մոսկվայում Ս. Սարգսյանի արած հայտարարությունը:
Իմ հիմնական փաստարկն այն է, որ այլընտրանքներ գտնելու և առկա այլընտրանքներից օգտվելու մեր կարողությունը պակասում է և պակասելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լուծել մեր պետականության ու անկախության հետ կապված հիմնահարցը՝ Ղարաբաղի հարցը, նշել է 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:



Читайте также

Оставить комментарий