Հոկտեմբերի 27. հերթական տարելից և անպատասխան հարցեր

Երկիրը հիշում է այն օրը, որը խլեց պետական առաջնորդների` խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի կյանքը: Նրանց լեգիտիմությունը կասկածից վեր էր, քանի որ նրանք ստացել էին ընտրողների մեծամասնության քվեները, և այդ մեծամասնությունը ոչ միայն համաձայն էր ընտրության արդյունքներին, այլև չէր կասկածում, որ իրենց քվեն հաշվի է առնվել:
Շատերն են հնչեցնում բազմիցս բարձրաձայնված հարցերը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել: Ընդ որում, հարց տվողների թիվն ավելի կմեծանա, քանի որ ողբերգական տարելիցը կհիշեն Աստրախանում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպման համապատկերին: Իսկ «Ինչո՞ւ հենց հոկտեմբերի 27-ին» հարցը շատերի մտքով կանցնի: Հարցը կծագի, ու կհիշեն Լոնդոնում պոլոնիումից թունավորված Ալեքսանդր Լիտվինենկոյին, որն իր հարցազրույցներից մեկում բառացիորեն ասել էր հետևյալը. «Որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար ռուսաստանյան հատուկ ծառայությունները հաճախ են դիմում նման դիվերսիոն գործողությունների: Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարներից շատերին է հայտնի, որ 1999թ. հայոց խորհրդարանում տեղի ունեցած սպանդը կազմակերպվել էր մեկ այլ հատուկ ծառայության` ՊՀՎ-ի (ԳՌՈՒ) կողմից: Այդ հատուկ գործողության միջոցով Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը հաջողվեց կանխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում էր ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում նախագահներ Հ.Ալիևի և Ռ.Քոչարյանի միջև կոմյունիկեի ստորագրմանը: Կարգավորման գործընթացը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից, ինչն էլ ռուսաստանյան հատուկ ծառայություններին դրդեց հատուկ գործողություն իրականացնել հայոց խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»:
Այդպես էլ ոչ մեկը չցնցվեց... Ուրեմն ինչո՞ւ պիտի հիշեն: Երբ ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարեցին ԱՄՆ-ում ռուսաստանյան լրտեսական ցանց բացահայտելու մասին, ամսաթիվը, ինչպես հայտարարեց նախարար Լավրովը, ընտրվել էր «առանձնակի նրբագեղությամբ»: Պետք է ասել, որ եռակողմ ձևաչափով աստրախանյան հանդիպման ամսաթիվը ևս ընտրվել է ոչ պակաս նրբագեղությամբ: Խորհրդարանի նիստերի նորոգված դահլիճում, որտեղ 13 տարի առաջ հեղված արյունը մնաց նոր սվաղի ու ներկի տակ, ութ հոգիներ են սավառնում` անդադար հնչեցնելով նույն անպատասխան հարցերը` Համլետի հոր ուրվականի պես...
Այն ժամանակ նույնպես ղարաբաղյան հարցը կտրուկ էր դրված և կարող էր Հայաստանում ոչ միայն պայթեցնել ներքաղաքական իրավիճակը, այլև տեկտոնյան սալաքարերը տեղաշարժել տարածաշրջանային քաղաքականության մեջ: «Ո՞վ է ստորագրելու», - հարց էին տալիս ոմանք: Մյուսներին հետաքրքրում էր. «Արդյո՞ք առհասարակ ստորագրվելու է»:
Այս անգամ Աստրախանն է` Աստանայից առաջ, ամենատարբեր գագաթնաժողովներ, դարձյալ իշխանության խնդիրներ Ռուսաստանում, դարձյալ «Ի՞նչ անել», դարձյալ «Ո՞վ է մեղավոր», և անպայման «Դու ինձ հարգո՞ւմ ես»:
Իսկ հետո՞: Կապրենք, կտեսնենք: Վլադիմիր Պուտինը, այն ժամանակ Երևան գալով, ասել էր, թե զոհվել են Ռուսաստանի բարեկամները: Հիմա նա նման բան չի ասի. իշխանության մեջ միայն վասալներ են մնացել: Վասալները բարեկամներ չեն կարող լինել: Չեն կարող լինել նույնիսկ Ռուսաստանի, նույնիսկ` Պուտինի բարեկամները:
1in.am



Читайте также

Оставить комментарий