ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՄԻՐԶՈՅԱՆԻՆ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ «ԼԱՐՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ» ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԵՎ ՇԱՀԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները՝ հնչեցված հուլիսի 18-ին Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ ասուլիսում։
Ինչպես հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հերթական անգամ մեղադրելով Ադրբեջանին՝ առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, ցույց տվեց, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։
«Այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանք ցուցաբերելու փոխարեն, խոչընդոտում է խաղաղ գործընթացին՝ շուրջ 30 տարի օկուպացման տակ գտնված Ղարաբաղում ապրող հայերի «իրավունքների և անվտանգության» պատրվակով, որտեղ ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ են իրականացվել, վկայում են Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին։ Խոսելով «Ղարաբաղի բնակչության» մասին՝ անընդունելի է նկատի ունենալ միայն հայ բնակիչների իրավունքները և անտեսել այդ հողերից վտարված ադրբեջանցի բնակիչների «իրավունքներն ու անվտանգությունը»։
Ադրբեջանն այն կողմն է, որը նախաձեռնում է երկխոսություն հայ բնակիչների հետ, և կարևոր է պատասխանել Ադրբեջանի այս բարիդրացիական քայլերին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմին պետք է պարզ լինի, որ Ադրբեջանը հավասարապես ապահովում և ապահովելու է երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումները քաղաքական արկածախնդրություն են և շահարկություն Հայաստանի կողմից։
«Աղդամ-Խանքենդի ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած առաջարկի դեմ առարկությունը վկայում է այդ պնդումների անհիմն լինելու մասին։
Միևնույն ժամանակ, առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ հայկական կողմը, որը խախտել է բոլոր սահմանները՝ շուրջ 30 տարի օկուպացման տակ պահելով ադրբեջանական տարածքները, դեռևս ամբողջությամբ չի դուրս բերել հայկական զինուժը ադրբեջանական տարածքներից, առաջ է քաշում պետական սահմանում հստակություն հաստատելու պայման և հայտարարում, որ դա առանցքային գործոն է բանակցային գործընթացում:
Այն փաստը, որ Հայաստանը, որը վերջին երեք տարիների ընթացքում չի կատարել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախչըվան տրանսպորտային հաղորդակցությունները բացելու իր պարտավորությունը, այժմ տարբեր պատրվակներով խոչընդոտում և նախապայմաններ է առաջ քաշում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման համար, ցույց է տալիս, որ այդ երկիրը դեռևս չի գիտակցում, որ գրեթե 30 տարվա քաղաքական ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի լավ բան չի տվել։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է դադարեցնի կեղծավորությունն ու մանիպուլյացիաները, կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий