Միրզո Արարատյան. «Ռուբեն Վարդանյանը բռնվեց»
Քանիցս դիմել ենք միջազգային հայտնի աֆերիստ Ռուբեն Վարդանյանի խայտառակ անձին՝ որը բարեգործի փառք է վաստակել, սակայն իրականում Հայաստանին հսկայական վնաս է պատճառել։ Վերցնենք թեկուզ Ամուլսարը՝ Սևանի և Ջերմուկի համար կործանարար նախագիծը, որը նախաձեռնել են Վարդանյանն ու արքայազն Չարլզը։ Եվ ահա օրերս հայտնի է դարձել, որ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության միջազգային կենտրոնը (OCCRP) հրապարակել է հետաքննություն օֆշորների ցանցի մասին, որոնց միջոցով Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկը «գաղտնի փող է փոխանցել Ռուսաստանում ամենաազդեցիկ մարդկանց»։
Հետաքննության համաձայն՝ «Տրոյկա Դիալոգը» ստեղծել է 76 օֆշորային կազմակերպությունների ցանց և օգնել կլիենտներին կապիտալները դուրս բերել Ռուսաստանից, խուսափել հարկեր վճարելուց, թաքցնել ունեցվածքն արտասահմանում, վճարել երեխաների ուսման վարձն արտասահմանում։ Շատ խոշոր առեւտրային գործարքներ կեղծ են եղել, դրանք նշվել են որպես տարբեր ապրանքների վաճառք։ «Տրոյկա Դիալոգը» մասնակցել է մի սխեմայի, որի միջոցով լցվացվել է մոտ $ 9 մլրդ։ 2006-2013թթ. ընկերությունների հաշիվներով անցել է $ 4,6 մլրդ, դուրս է տարվել $ 4,8 մլրդ։ Համակարգում ներառված տասնյակ ընկերություններ գաղտնի տրանզակցիաներ են իրականացրել (առանց փողի ծագման աղբյուրը բացահայտելու)՝ $ 8,8 մլրդ-ի։ Կատարվել է ավելի քան 1,3 մլն բանկային փոխանցում 238 տարբեր ընկերություններից ու անձանցից։ Կոնտրագենտների մեջ կան այնպիսի միջազգային բանկեր, ինչպիսին են Citigroup, Raiffeisen-ը և Deutsche Bank-ը։ Ukio բանկում, որը մտնում էր Լիտվայի խոշոր բանկերի հնգյակում, սպասարկվել են առնվազն 30 ընկերությունների հաշիվներ՝ կապված «Տրոյկայի» հետ։ Այս ընկերությունների անունից գրագրությունը վարել են ներդրումային բանկի աշխատակիցները, որոշ ընկերություններ վճարումներ կատարել են Ռուբեն Վարդանյանի American Express քարտին եւ նրա մտերիմ մարդկանց հասցեին։ Ընկերություններից մեկը վճարել է ամերիկյան երգիչ Փրինսի ելույթը «Տրոյկայի» կորպորատիվում։
Հաշիվները ձևակերպվում էին անձանց անունով, օրինակ՝ պանամական Dino Capital SA-ի հաշիվը Հայաստանի սևագործի անունով, որը չգիտեր, որ իր ստորագրությունը դրված է փաստաթղթերի վրա։ OCCRP լրագրողները գտել են այդ մարդկանց. նրանք ապրում են շատ աղքատ և պատկերացում չունեն, թե ինչ փողեր կան իրենց «հաշիվնեին»։ Երկրի ևս մեկ քաղաքացի, որը հիշատակվում է փաստաթղթերում, պատմել է, որ երեք տարի առաջ կորցրել է հիշողությունը վթարից հետո։ Եվ ահա սկանդալից հետո, ժանրի օրենքներին համապատասխան, Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Ահա թե ինչ է գրում աֆերիստը. «Տարբեր ԶԼՄ-ներում «Տրոյկա Դիալոգի» մասին մի շարք հրապարակումների հայտնվելուց հետո 2006-2012թթ. գործընկերների հսկայական քանակություն, ընկերներ և զինակիցներ ու անգամ ինձ անծանոթ մարդիկ ողջ աշխարհից դիմեցին ինձ անձամբ և մեր գրասենյակներ Հայաստանում ու Ռուսաստանում՝ անկեղծ աջակցության խոսքերով, ինչպես նաև երախտագիտությամբ այն նախագծերի ու նախաձեռնությունների համար, որոնք իրականացնում են իմ ընտանիքը, մեր զինակիցներն ու թիմը։ Ցավոք, ես հնարավորություն չունեմ պատասխանել բոլորին անձամբ և դրա համար որոշեցի հանդես գալ բաց նամակով։ Ես խորապես երախտապարտ եմ բոլորին, ովքեր հավատում են ինձ, մեր թիմին, այն բանին, ինչ մենք անում ենք։ Վստահությունը ամենամեծ արժեքն է, և ձեր անվերապահ աջակցությունը ստեղծված իրավիճակում հենց դա է ապացուցում։
Հրապարակված նյութերում ամեն բան խառնվել է. համատեքստից պոկված ինֆորմացիա, մեկնաբանություններ և հորինվածք՝ լրիվ հում։ Չնայած նյութերի մեծ մասում խոսվում է իմ հասցեին մեղադրանքների բացակայության մասին, ես որպես «Տրոյկա Դիալոգի» ավագ գործընկեր ինձ պատասխանատու եմ զգում տեղի ունեցողի համար։ Մեր իրավաբանները հիմա ուսումնասիրում են հնարավոր բոլոր իրավական գործողությունները մեր հեղինակության պաշտպանության համար։ Ընդ որում՝ ինչ-որ մոռացվում է, թե ինչ ժամանակներ ենք ապրել. «Տրոյկան ստեղծվել է 1990-ականների սկզբին, երբ ներդրումային-բանկային արդյունաբերություն գոյություն չուներ, և ամբողջ երկիրն էր սթարթափի վիճակում։ Այն ժամանակ մենք հրաժարվեցինք ապրել ջունգլիների օրենքներով և հնարավոր ամեն բան արեցինք, որպեսզի Ռուսաստանում ստեղծենք քաղաքակիրթ միջավայր՝ խաղի հստակ կանոններով»։
Գայդար-չուբայսյան դարաշրջանի ծնունդ լինելով՝ Ռուբեն Վարդանյանը պնդում է, որ ճիշտ չէ «Տրոյկայի» գործունեությունը գնահատել պատմական, տնտեսական և գործնական համատեքստից դուրս՝ այն չափելով մեր օրերի չափանիշներով։ «Մեկ անգամ էլ ընդգծեմ, որ իր ողջ պատմության ընթացքում «Տրոյկան» ամեն բան արել է, որպեսզի գործի օրինականության և թափանցիկության սկզբունքներին, միջազգային չափորոշիչներին լրիվ համապատասխան, իսկ երբեմն էլ ավելի բարձր նշաձող է հայտարարել»։ Բնութագրական է, նշում է նա, որ շատ հրապարակումներում հաճախ ընդգծվում է իմ հայկական ծագումը։ «Ես ռուսաստանցի եմ հայկական արմատներով, ինչով շատ հպարտ եմ։ Որպես մի ժողովրդի ներկայացուցիչ, որը շատ դարեր խաղացել է կամրջի դեր քաղաքակրթությունների միջև, ես միշտ, իմ բոլոր նախագծերում ջանացել եմ երկխոսության։ «Տրոյկան» իր բազմազգ և բազմամշակութային միջավայրով կամուրջ է ծառայել Ռուսաստանի և աշխարհի միջև, արտասահմանյան ներդրողներին բերել է երկիր և ռուսական ընկերություններին հնարավորություն տվել դուրս գալ համաշխարհային ֆինանսական շուկաներ։ Այսօր մենք շարունակում ենք իրականացնել առևտրային, սոցիալ-ձեռնարկատիրական և մարդասիրական նախագծեր՝ առաջնորդվելով այդ նույն նպատակներով և համոզմունքներով։ Ռուսաստանում ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցը, Հայաստանում UWC Dilijan քոլեջը և հատկապես միջազգային մարդասիրական «Ավրորա» նախաձեռնությունը՝ այս ամենը ծառայում է աշխարհում մարդկանց միավորվելուն, որտեղ դեռևս ուժեղ է «իմը-ուրիշինը» դիմակայությունը։
Թանկագին ընկերներ, մեկ անգամ ևս շնորհակալություն ձեր օժանդակության և իմ հանդեպ հավատի համար։ Ցանկանում եմ ասել բոլորին. ոչինչ ինձ հետ չի պահի մեր նախագծերն իրականացնելիս։ Ես գիտեմ, որ մեզ սպասում են շատ մարտահրավերներ և դժվարություններ։ Համոզված եմ, որ մենք ամեն ինչ միասին կհաղթահարենք։ Ամեն ինչ, ինչ կմնա մեզնից հետո, մեր երեխաներն են և հիշողությունը մեր իրական գործերի մասին։ Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք աշխարհը մեր շուրջ դարձնել ավելի լավը, այլապես մենք բոլորս ապագա չենք ունենա։ Միացեք և միասին առաջ շարժվենք»,- ասվում է Ռուբեն Վարդանյանի հայտարարությունում։
Ուշադրություն հրավիրենք այն բանին, որ Վարդանյանն ըստ էության չի հերքում հետաքննության արդյունքները, նա չի կարող չհամաձայնել այն բանի հետ, որ խառն է եղել միջազգային մասշտաբի խարդախություններում։ Բայց ուզում է այդ ամենը բարդել 90-ականների վրա։ Լավ չի ստացվում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կասի Վարդանյանը 20 տարի հետո, երբ մենք, Աստված մի արասցե, զրկվենք Սևանից ու Ջերմուկից։ Ո՞ւմ վրա կբարդի այդ ողբերգությունը։ Քոչարյանի՞, թե՞ Սարգսյանի ժամանակվա Հայաստանի։ Պետք է իմանալ, որ Ռուբեն Վարդանյանը անբարոյականության մարմնավորումն է, նրա մեջ հայության նշույլ չկա, նրա բոլոր գործերը հակազգային են եւ հակապետական ըստ էության։ Նրա բարեկամությունը արքայազն Չարլզի հետ, կասկածելի կապերը և նախագծերը չեն կարող ծառայել Ռուսաստանի և Հայաստանի շահերին։ Ռուբեն Վարդանյանը տիպիկ ռուսական արևմտական է, ուրեմն՝ նա վտանգավոր է։ Ոչ մի «Ավրորա» չի մաքրի Ամուլսարի խայտառակությունն ու ողբերգությունը։ Եվ Վարդանյանի կենսագործունեությունը պետք է գնահատել այս պրիզմայով։