Ռոբ Սոբհանի. «Թրամփը կարող է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ ԼՂ հակամարտությունը լուծելու դեպքում»

irevanaz.comԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի արժանանալու Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե կիրառի գործարքներ կնքելու իր վարպետությունը աշխարհի ամենաբարդ լուծելի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին The Washington Times պարբերականում գրում է Caspian Group Holdings ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Ռոբ Սոբհանին։
Թրամփի և ազգային անվտանգության նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան կհանդիսանա առ այն, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանո՞ւմ է լինել Միացյալ Նահանգների դաշնակիցը միջազգային հարթակում հակամարտությունների լուծման գործում՝ գրում է Սոբհանին։
Հոդվածագրի կարծիքով՝ Պուտինն առանցքային դերակատարում ունի այս հակամարտության լուծման մեջ լծակների պատճառով, որոնց օգնությամբ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա։ «Մոսկվան Հայաստանը համարում է իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպից ծովի տարածաշրջանում: Հայաստանը և Ադրբեջանը պահելով «սառեցված հակամարտության» վիճակում՝ Պուտինը լուծում է իր կարճաժամկետ խնդիրները՝ թույլ չտալով Ադրբեջանին բնական գազ արտահանել եվրոպական շուկա, այդպիսով Եվրոպան կախվածության մեջ պահելով ռուսական գազից»,-ասվում է հոդվածում։
Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որի խնդիրն է լուծել ԼՂ հակամարտությունը։ Վաշինգտոնը շատ զբաղված է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, որպեսզի առանցքային դերակատարում ստանձներ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման գործում, իսկ Ռուսաստանը «ոչ միայն բազմիցս սաբոտաժի է ենթարկել հակամարտության լուծման փորձերը, այլև ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այդ երկարատև հակամարտության մեջ»՝ գրում է Սոբհանին և հավելում, որ Թրամփը կարող է խաղաղություն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական լուծման միջոցով։
«Խնդիրը, որ դրված է Թրամփի առաջ, Պուտինին համոզելն է ընդունել խաղաղ համաձայնագրի հետևյալ ծրագիրը. առաջին հերթին՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»»,- ասվում է հոդվածում։
Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է համաձայնի Եվրոպա գազ արտահանել Հայաստանի տարածքով: Բացի այդ, կողմերը պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակին, իսկ ամերիկյան, ֆրանսիական և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն այս տարածաշրջանում։
Հոդվածագիրն առաջարկում է նաև ստեղծել հաշտեցման հիմնադրամ, որը ներդրումներ կանի երկու երկրների միջև ենթակառուցվածքային նախագծերում։
Սոբհանիի պնդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի ներսում ներքին աջակցություն ունի, և մնում է միայն, որպեսզի Թրամփը համոզի Պուտինին՝ ստիպել Հայաստանին հակամարտության այդպիսի կարգավորում:
«Պարոն Թրամփը կարող է ճանապարհային քարտեզ ներկայացնել պարոն Պուտինին՝ ցույց տալով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է բոլորի շահերից»,- գրում է Սոբհանին:
Հոդվածի վերջում հեղինակը հիշեցնում է Հոլոքոստ վերապրած Էլի Վիզելի խոսքերն այն մասին, որ «խաղաղությունն Աստծո պարգևը չէ իր արարածներին, խաղաղությունը մեր պարգևն է միմյանց»: Հոդվածագիրը վստահ է, որ հանդես գալով որպես ամբողջ աշխարհի առաջնորդ՝ Թրամփը կարող է «խաղաղության պարգևը շնորհել Հայաստանին ու Ադրբեջանին և ինքն էլ արժանանալ վաստակած Խաղաղության Նոբելյան մրցանակի»:



Читайте также

Оставить комментарий