Սոսո Ցինցաձե. «Հայաստանը Վրաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, Ջավախքում անջատողականություն է հրահրում»
«Ցավոք, այսօր Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները չի կարելի որակավորել նորմալ, ընդհակառակը, հարաբերությունները գնալով սրվում են: Հայերը երբեք չեն կարողացել խելամիտ քաղաքականություն վարել: Վերջին ժամանակներս նրանց քաղաքականության մեջ նկատվում են կոպիտ սխալներ: Նրանք այժմ ապրում են հայ-թուրքական սահմանի բացման պատրանքով եւ հավանաբար մտածում, որ Վրաստանին արդեն կարելի է հաշվից հանել»:
Այդ մասին հայտարարել է վրաց քաղաքագետ Սոսո Ցինցաձեն մեկնաբանելով Միացյալ Ազգերի կազմակերպությունում Աբխազիայից եւ Հարավային Օսիայից փախստականների դրության վերաբերյալ քվեարկությունը, որտեղ Հայաստանը դեմ է քվեարկել այդ փաստաթղթին:
Վրաց քաղաքագետի խոսքերով հայերը կրկին սխալվում են. «Նախ եւ առաջ ոչ հիմա, ոչ էլ մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման հավանականություն չեմ տեսնում, եւ երկրորդ՝ մի՞թե հայերն այնքան կարճատես են, որ չեն հասկանում, թե հանուն նրանց թուրքերը երբեք դեմ չեն գնա իրենց արյունակից եղբայրների՝ ադրբեջանցիների շահերին:
Հավանաբար հովանավորողներից մեկը հավաստիացրել է հայերին սահմանների շուտափույթ բացման վերաբերյալ եւ հիմա նրանք մոռացած իրականությունը՝ ճախրում են յոթերորդ երկնքում: Գործը հասել է նրան, որ այժմ նրանք երազում են «Նաբուկոյի» մասին, ընդ որում մոռանալով, որ այդ խողովակաշարը գազ մատակարարող միակ երկիրն Ադրբեջանն է: Այնպես որ, հայերն առայժմ ճախրում են երկնքում, իսկ երբ կիջնեն այնտեղից ու կծանոթանան իրավանությանը, նորից կսկսեն բողոքել, թե նրանց նեղացնում են»,- նշել է քաղաքագետը:
Այն հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը՝ Վենեսուելայի ու Նիկարագուայի նման ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, քաղաքագետը պատասխանել է, որ «Հայաստանը չի գնա դրան, սակայն նրանից ամեն ինչ կարելի է սպասել»:
«Այժմ Հայաստանը անջատողականություն է հրաhրում Ջավախքում, հովանավորելով այնտեղ գործող ծայրահեղ ազգայնամոլական եւ ֆաշիստամետ հայկական կազմակերպություններին: Պաշտոնական Երեւանը ծայրահեղ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Վրաստանի հանդեպ: Հավանաբար Հայաստանը բոլորից շատ է ուրախացել Վենեսուելայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման համար, բայց դեռ ստիպված է թաքցնել իր ուրախությունը: Ջավախքը վրացիների պատմական հողն է, եթե հայերը չեն հավատում, թող դիմեն, ես նրանց ցույց կտամ Պասկեւիչի ստորագրությամբ փաստաթղթեր, ըստ որի հայերին այնտեղ սկսել են վերաբնակեցնել վրաց իշխանների թույլտվությամբ: Ինչքա՞ն կարելի է խեղաթյուրել պատմությունը»,- ասել է վրաց քաղաքագետը:
Նա նաեւ նշել է, որ աստված ինքն է կամեցել, որ Վրաստանն ու Ադրբեջանը լինեն միասին. «Կարծում եմ, որ պետք է միավորել մեր դիվանագիտական ջանքերն ու միացյալ ճակատով հանդես գալ մեր պատմական հողերի նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգությունների դեմ»: