Սերժ Սարգսյանի «4-միլիոնանոց Հայաստանի» թեզը նման է հեքիաթի

irevanaz.comՀայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը ծավալուն էր, բայց, ըստ էության, զուրկ էր ծրագրային բաղկացուցիչից:  Ելույթում եվս մեկ անգամ հնչեց «4-միլիոնանոց Հայաստանի» թեզը, որը ըստ ամենայնի, Սարգսյանի համար դարձել է իդեա ֆիքս, նոր գաղափարախոսություն:
«Այսօր նախագահն այս թեզը դարձրել է առանցքայինը Հայաստան-Սփյուռք համաժողովի իր ելույթում, ընդ որում` շեշտը դնելով այն գաղափարի վրա, որ անհրաժեշտ է խրախուսել սփյուռքահայերի ներգաղթը», - համոզված է «Առաջին լրատվական»-ի վերլուծաբան Սարգիս Արծրունին: «Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։ Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-Սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման»,-ասել է Սարգսյանը:
Ելույթի մակարդակում ամեն ինչ շատ գեղեցիկ է հնչում, սակայն իրական կյանքում պարզ չէ, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը պետք է խրախուսի հարյուրհազարավոր սփյուռքահայերի վերադարձը Հայաստան, եթե իր կառավարման տարիներին երկիրը լքել է 250,000 մարդ, նշում է Սարգիս Արծրունին:
Այլ խոսքով` ինչքանո՞վ է իրատեսական, որ մի իշխանություն կարող է խթանել ներգաղթը, երբ ասոցացվում է արտագաղթի հետ:
Ավելի գլոբալ իմաստով` ժողովրդագրական խնդիրը շատ լուրջ քննարկման կարիք ունի, սակայն ոչ թե Հայաստան-Սփյուռք ձևաչափում, այլ Հայաստանի ներսում, որովհետև մարդիկ երկրից հեռանում են անարդարության, աղքատության, կոռուպցիայի, ապագայի տեսլական չունենալու հետևանքով, որոնք բոլորն իշխանության անարդյունավետ, նույնիսկ հանցավոր կառավարման հետևանք են: Եթե արմատապես չվերնայվի կառավարման փիլիսոփայությունը, մարդիկ շարունակելու են հեռանալ, իսկ Հայաստան վերադառնալու մասին չի մտածի անգամ ամենահայրենասեր հայը, որովհետև մարդը հաստատվում է այնտեղ, որտեղ իրացման հնարավորություն ունի:
Եթե չունենանք նոր որակի պետություն, ժողովրդագրական պատկերը մնալու է աղետալի, եթե նույնիսկ այդ թեմային նվիրվի ոչ թե մեկ, երկու, այլ տասը համաժողով: Այսօրվա իրականության ֆոնին «4-միլիոնանոց Հայաստանի» թեզը նման է հեքիաթի` հատկապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկիրը լքած 250,000 քաղաքացիների ֆոնին, պնդում է Սարգիս Արծրունին:



Читайте также

Оставить комментарий