ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԱՌԱՎԵԼ ԴՐԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԵՋ՝ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ. ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:
Աշխատաժողովի մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով։
«Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատև, վճռական և համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար բացում է անվտանգության, կայունության և ապագայի հնարավորությունների դուռը։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տարածաշրջան:
Պետք է արձանագրենք, որ այս նվաճումը դժվար տրվող ընտրությունների, քրտնաջան դիվանագիտության և մեր քաղաքացիների կոլեկտիվ կամքի արդյունք է։ Սա չի նշանակում ջանքերի ավարտ, այլ ավելի շուտ՝ այն նոր գլխի սկիզբ է, որը յուրաքանչյուրիս առջև ավելի հստակ առաջադրանքներ է դնում:
Մեր սպասելիքները բարձր են, քանի որ խաղադրույքները ևս բարձր են՝ մեր սահմանների անվտանգությունը և մեր ժողովրդի վստահությունը։ Զգուշավոր լավատեսություն ցուցաբերելով և մշտապես առաջնահերթություն տալով Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին՝ միաժամանակ պետք է բաց լինել կառուցողական երկխոսության և տարածաշրջանային համագործակցության համար։
Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի։ Մեր առջև կարող են բացվել առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում նախաձեռնություններ, որոնք կարող են մեր տարածաշրջանը վերածել համագործակցության կենտրոնի։
Աշխարհաքաղաքական լանդշաֆտների փոփոխությամբ և արագ տեխնոլոգիական առաջընթացով բնորոշ այս դարաշրջանում մեր առաջնահերթությունները պետք է համապատասխան լուծում ունենան ժամանակակից մարտահրավերների դեմ:
Տարածաշրջանում, ինչպես և ողջ աշխարհում իրավիճակը շատ արագ է փոխվում, և ներկայում իրականացնելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականություն, անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայելու արտերկրում մեր դեսպանների գերակայությունները: Դրանք առավելապես պետք է ներառեն տարածաշրջանային գրավչության, տնտեսական, լոգիստիկ/տարանցիկ հնարավորությունների ներկայացումը: Այս առումով կարևորում եմ ձեր կողմից օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առավելությունների համապարփակ ներկայացումը, որն ուղղված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության խորացմանը՝ ամուր կապեր ստեղծելով Ծոցի, Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև, ինչպես նաև Միջին Ասիայի հետ:
Անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցիչներին ներգրավվել առավել դրական օրակարգի մեջ՝ նախկինում հակամարտությունների կամ ռազմական օրակարգից տեղափոխվելով տնտեսական զարգացման օրակարգ»:




Читайте также

Оставить комментарий