ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ, ՈՐ ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՍՑԵԱԳՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՁԵՎԱՉԱՓՆ ԵՆ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱԿՈՒ
2025 թ. հուլիսի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:
Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար:

