ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԵՏ՝ ԱՄՈՒՐ ՀԻՄՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. THE JERUSALEM POST

Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։
«Ադրբեջանը Իսրայելի կարևոր ռազմավարական դաշնակիցն է կովկասյան տարածաշրջանում, որի հարաբերությունները ընդգրկում են համագործակցություն անվտանգության, առևտրի, տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում», - մեջբերում է թերթը Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարուտյունից։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Իսրայելը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ամուր հիմքեր ստեղծելու եռակողմ համագործակցության համար։
Հրատարակությունը նշում է, որ այս հայտարարությունն արվել է Քնեսեթում «Իսրայելի և Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշինքի ամրապնդման» թեմայով քննարկումների ժամանակ։
Ելույթ ունենալով Իսրայելի կառավարության անունից՝ ազգային առաքելությունների նախարար Օրիտ Ստրուկն ընդգծել է, որ «Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները կառուցված են յուրահատուկ գործընկերության վրա՝ հիմնված փոխադարձ շահերի և երկարամյա բարեկամության վրա»։
Նրա խոսքով, երկրների միջև երկխոսությունը դրսևորվում է բարձր մակարդակի փոխայցելություններով. «Այդ հարաբերությունները համահունչ են Իսրայելի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականությանը՝ տարածաշրջանում դաշինքների ամրապնդման և այլ մահմեդական երկրների հետ կամուրջներ կառուցելու համար»:
Քննարկումների ընթացքում Քնեսեթի անդամ Սիմոն Մոշիաշվիլին հայտարարել է Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդման անհրաժեշտության մասին։
Մոշիաշվիլին մասնավորապես ընդգծել է Ադրբեջանում հրեական համայնքի յուրահատուկ կարգավիճակը՝ այն անվանելով օրինակելի, ակտիվ, բարեկեցիկ և հատկապես միասնական։