ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՄՏԱԾԻ՝ ՈՉ ՈՔ ՄԵԶ ՀԵՏ ՎԵՐՋՆԱԳՐԵՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ ԵՎ ԹՈՂ ՈՉ ՈՔԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՆ

Ադրբեջանի նախագահը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես արժանի պատասխան կտան: Այս հայտարարությունները Իլհամ Ալիևը արել է սեպտեմբերի 21-ին Լաչինում:
«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նրա խոսքով,  պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան:
Ալիևը պնդել է, որ ադրբեջանական կողմը նախապատրաստել է 20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ և դրանց հիման վրա պետք է սահմանազատման աշխատանքներ տարվեն:
«Եթե Հայաստանը ուզում է մեզ մեղադրել, թե մենք իրենց տարածք ենք մտել, դա ոչ մի հիմնավորում չունի: Նախ և առաջ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին: Նրանք կարծում էին, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը իրենց է մնալու: Այդ պատճառով էլ ոչ մի բան չեն արել հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Ադրբեջանի նախագահը:


Читайте также

Оставить комментарий