ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. «ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շնորհավորական ուղերձում ասված է.
«Վերջին տասնամյակների ընթացքում շատ բան է արվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Ընդլայնվում է կառուցողական քաղաքական երկխոսությունը, արդյունավետ համագործակցությունը առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում: Հիմնվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ որոնք կնքվել են անցյալ և նախանցյալ տարի, մենք միասին աշխատում ենք Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Այս տարին նշանավորվեց կարևոր ձեռքբերումով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին»։
Ռուսաստանի ղեկավարն իր ադրբեջանցի գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում։


Читайте также

Оставить комментарий