ԵՐԵՎԱՆՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄՈՍԿՎԱՆ ԴԵՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ռուսաստանը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ շեշտելով՝ սա կոնստանտ է և չի կարող փոփոխման ենթարկվել։
Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի՝ տարածաշրջանային ազդեցության գլխավոր խարիսխներից մեկը վատ հայ-թուրքական հարաբերություններն են, կամ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը։
«Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության ամենագլխավոր օջախը Հայաստանն է, իսկ Հայաստանում էդ ազդեցությունը, եթե մենք շատ մաքրենք ջուրը, տակը մնում է սա՝ «եթե մենք գնանք, թուրքերը ձեզ կուտեն», մոտավորապես այ էս կրեդոն է, հիմա, եթե էս կրեդոն փոփոխման է ենթարկվում, Ռուսաստանի տարածաշրջանային ամբողջ խաղն է փոփոխման ենթարկվում, այնպես որ Ռուսաստանը կոնստանտով միշտ դեմ է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - ասաց Քոչինյանը։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս համոզված է, որ Ռուսաստանը բոլոր կոնտեքստներով շահագրգռված չի լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում ռազմական բազան Ռուսաստանի Հայաստանում։ Դա տեղակայվել է ու դրա գլխավոր ֆունկցիան մեզ պաշտպանելն է առաջին հերթին Թուրքիայի վտանգներից։ Հիմա, եթե վաղը բարելավվեն հարաբերությունները, վաղը չէ մյուս օրն էլ կառաջանա հարց՝ դե էդ դեպքում ռազմաբազան ինչո՞ւ են պահում, եթե խաղաղություն հաստատվեց տարածաշրջանում, հարևնների հետ։ Ուրեմն էստեղ շահագրգռվածություն ունի Ռուսաստանը, որը կարող է նաև ապագայում՝ մեր դեմ օգտագործել», - շեշտեց քաղաքագետը։


Читайте также

Оставить комментарий