ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Պաշտոնական Անկարան և Բաքուն հերթական միջազգային հարթակն են օգտագործել Հայաստանին տարածաշրջանային լայն համագործակցության գնալու վերաբերյալ ուղերձներ հղելու համար:
Ստամբուլում կայացած թյուրքալեզու երկրների խորհրդի արտգործնախարարների 8-րդ նիստի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»:
«Կասպից ծովով անցնող տրանսկասպյան միջազգային տրանսպորտային գիծը կուժեղանա Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ: Այդ միջանցքը կնպաստի ամբողջ թյուրքական աշխարհի զարգացմանը», - ասել է թուրք նախարարը: Նա նշել է, որ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ճանապարհ է բացել տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության համար:
Նույն նիստին մասնակցող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 10-ին, ապա հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարություններում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը վերաբերող կետերին՝ Բայրամովը նշել է, որ այդ ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում: Նա շեշտել է, որ հաղորդակցության ուղիների բացումը, այդ թվում մեծ կարևորություն ներկայացնող «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը, կամրապնդի տարածաշրջանի երկրների համագործակցությունը և կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը: Բայրամովը հույս է հայտնել, որ այս զարգացումներից կշահեն նաև գործընկեր երկրները:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին պնդել է, թե Բաքուն ու Անկարան ակտիվ ջանքեր են գործադրում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ։ Որպես ասվածի ապացույց Բայրամովը հիշատակել է «3+3» ձևաչափը՝ համոզմունք հայտնելով, որ հետպատերազյան իրավիճակում այս հարթակը կարող է արդյունավետ համագործակցության մեխանիզմ դառնալ տարածաշրջանի երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար:


Читайте также

Оставить комментарий