Ամանդա Փոլ. «Անկարան կշարունակի պնդել, որ վերադարձվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները»

irevanaz.comՑանկացած երկիր կարևոր է իր հարևանի համար՝ առաջին հերթին անվտանգության և կայունության տեսանկյունից, և այս իմաստով Հայաստանն ու Թուրքիան բացառություն չեն: Ակնհայտ է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի ողջ տարածաշրջանի վրա՝ կայունություն և անվտանգություն բերելով Հարավային Կովկասին, դուռ բացելով ավելի խոր տարածաշրջանային համագործակցության համար, խթանելով առևտրի զարգացումը: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանն այսօր հեռու է Թուրքիայի առաջնահերթություններից: Անկարան այս օրերին կենտրոնացած է այլ խնդիրների վրա: Թուրքիայի առաջնահերթություններն են, օրինակ, Սիրիայի հակամարտությունը, 2019 թ. կայանալիք նախագահական ընտրությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու Հայաստանի նախագահի որոշման մասին:
Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան չի փոխի իր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին և կշարունակի պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի Ադրբեջանի համար ցանկալի տարբերակով:
– Ամանդա, հայ–թուրքական արձանագրությունները չեղարկելու Հայաստանի նախագահի որոշումը անակնկա՞լ էր Ձեզ համար: Պե՞տքէ արդյոք սպասենք պատասխան Թուրքիայի կողմից:
– Արձանագրությունների չեղարկումը մեծ անակնկալ չէր, քանի որ Հայաստանի կառավարությունը նախկինում խոսել էր դրա մասին՝ պարբերաբար հայտարարելով, թե Թուրքիան չի կարող հավերժ պատանդ պահել արձանագրությունները: Իհարկե, ժամանակի ճիշտ ընտրության հանգամանքն էլ այստեղ կա, քանի որ այդ որոշումը նախորդեց պետության կառավարման համակարգի փոփոխությանը և նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտին: Անկարան այս օրերին կենտրոնացած է այլ խնդիրների վրա: Այդուհանդերձ, Թուրքիան պարբերաբար հայտարարել է, որ հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Կողմերից յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելու համար:
Մինչ Հայաստանը պնդում է, որ Թուրքիան խափանեց գործընթացը՝ առաջ քաշելով նախապայմաններ Ղարաբաղի հարցում և պնդելով, որ Հայաստանը վերադարձնի Ադրբեջանի որոշ օկուպացված շրջաններ, Անկարան հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, 2010 թ. որոշմամբ, առաջ քաշեց հավելյալ նախապայմաններ և սահմանափակող կետեր, և դա խափանեց գործընթացը:
– Ի՞նչ վիճակում են այսօր հայ–թուրքական հարաբերությունները:
– «Առաջին ուղու դիվանագիտության», այսինքն՝ պաշտոնական հարաբերությունների տեսանկյունից որևէ էական բան տեղի չի ունենում: Սակայն երբ նայում ենք «երկրորդ ուղու»՝ ոչ պաշտոնական, ժողովրդական դիվանագիտության ջանքերին, այս մակարդակում մարդիկ դեռևս ակտիվ են, և սա շատ կարևոր է, որովհետև քանի դեռ քաղաքական գործիչները հակասությունների մեջ են, շարունակում են իրականացվել նախաձեռնություններ՝ իրականացվում են վստահության կառուցման մի շարք միջոցառումներ՝ ամրապնդելու ժողովրդական կապերը, խթանելու համագործակցությունը քաղաքացիական հասարակությունների միջև և այլն:
– Թուրք պրոֆեսոր Յելդա Դեմիրաղը հարցազրույցներից մեկիժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք չէ Թուրքիային և այսարձանագրությունները նշանակություն չունեն Թուրքիայի համար: Համաձա՞յն եք նրա հետ: Ի՞նչը կարող է մեծացնել Հայաստանիկարևորությունը Թուրքիայի համար:
– Ես մասնակիորեն կհամաձայնեի նրա հետ, որովհետև ամեն դեպքում ցանկացած երկիր կարևոր է իր հարևանի համար: Տվյալ երկիրը կարևոր է իր հարևանության և սահմանակից շրջանների համար՝ անվտանգության և կայունության տեսանկյունից: Ակնհայտ է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի ողջ տարածաշրջանի վրա՝ կայունություն և անվտանգություն բերելով Հարավային Կովկասին: Այն դուռ կբացի ավելի խոր տարածաշրջանային համագործակցության համար, կխթանի առևտուրը և այլն: Այնուամենայնիվ, Հայաստանն այսօր հեռու է Թուրքիայի առաջնահերթություններից: Անկարայի առաջնահերթություններն են, օրինակ, Սիրիայի իրադարձությունները և 2019 թ. կայանալիք նախագահական ընտրությունները:
– Ո՞րն է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանհիմնական խոչընդոտը: Հնարավո՞ր է նորմալացնելհարաբերությունները՝ առանց լուծելու ցեղասպանության խնդիրը:
– Առանցքային խնդիրն այն է, որ երկկողմ հարաբերությունները առաջնահերթություն չեն ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի համար: Ավելին, երկու կողմերն էլ ճնշումների են ենթարկվում այլ խաղացողների և միջնորդների կողմից՝ առաջ քաշելով նախապայմաններ:
– Ի՞նչ իրավիճակում Թուրքիան կարող է փոխել իր մոտեցումըՀայաստանի հետ հարաբերություններին, մի մոտեցում, որը Երևաննանվանում է նախապայմանների քաղաքականություն:
– Դժվար թե Թուրքիան փոխի իր մոտեցումը հարաբերությունների կարգավորման հարցին: Դա նշանակում է, որ Անկարան կշարունակի պնդել, որ առաջընթաց լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և մասնավորապես ազատագրվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Երբ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, այսօրվա Թուրքիան առաջին հերթին պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Թուրքիան բազմիցս կրկնել է այս միտքը, և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ադրբեջան կատարած իր վերջին այցի ընթացում ևս մեկ անգամ ընդգծեց՝ «Ադրբեջանի ցանկացած սպառնալիք մեր սպառնալիքն է: Միջազգային հանրությունը և կառույցները պետք է շարունակեն ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ»:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Թուրքի միշտ պաշտպանելա ադրբեջանցում, իսկ ռուսը հայի համար կեղծ բարեկամա