Ալեքսանդր Խրամչիխին. «Ադրբեջանը պատրաստվում է միակ և վճռական պատերազմի»

irevanaz.comՌուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին առաջին հերթին կոմերցիոն նկատառումներով: Ադրբեջանը վճարում է լիարժեք գինը, իսկ Ռուսաստանը համապատասխանաբար վերցնում է այդ գումարը: Բայց Ադրբեջանի քաղաքականության տեսանկյունից սա պատերազմի նախապատրաստություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով վերջին տեղեկությանը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ստանալու մասին:
«Ռուսաստանի համար սա առաջին հերթին կոմերցիոն գործարք է: Ադրբեջանը վճարում է լիարժեք գինը, իսկ Ռուսաստանը համապատասխանաբար վերցնում է այդ գումարը: Բնականաբար, սա կազդի իրավիճակի վրա, այսինքն՝ որքան շատ է Ադրբեջանը զենք գնում, այնքան ավելի է ուժեղանում»,- մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:
Փորձագետը շեշտեց, որ սրանք պլանային մատակարարումներ են՝ համաձայն տարիներ առաջ Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված պայմանագրերի: «Կրկնում եմ՝ սա զուտ կոմերցիոն գործարք է, որովհետև երբ Ադրբեջանը շատ փող ուներ նավթի բարձր գների շրջանում, նա պատրաստ էր մեծ գումարներ վճարել նորագույն զենքերի համար: Ռուսաստանն էլ վաճառեց այդ զինատեսակները, և վերջ:
Իսկ Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» համալիրներ: Սա բացառիկ մատակարարում է, որից այլ պետություն չունի՝ Ռուսաստանից և Հայաստանից բացի: Ընդ որում, որքան ես հասկանում եմ, Հայաստանը ամբողջական գնով չի ստացել այդ զենքը: Ռուսաստանը կարծում է, որ «Իսկանդերներով», Ռուսաստանը լիովին փոխհատուցել է Ադրբեջանին արված բոլոր մատակարարումների համար»:
Սա, իհարկե, ռուսական քաղաքականության դիտանկյունն է, բայց այլ են Ադրբեջանի մոտեցումները. «Ադրբեջանի տեսանկյունից սա, բնականաբար, պատերազմի նախապատրաստություն է: Նա պատրաստվում է միակ և վճռական պատերազմի՝ Ղարաբաղը վերադարձնելու նպատակով»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 24-ին հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունից զինտեխնիկայի նոր խմբաքանակ ստանալու մասին: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրապարակած լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը ստացել է մասնավորապես «Քրիզանթեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ:
Խոսելով այս տեխնիկայի մասին՝ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թե «Քրիզանթեմը», այսպես ասած, մարտադաշտի զենք է, որը պետք է գալու Ադրբեջանին նույն այդ «միակ պատերազմի» ընթացքում:
«Բնականաբար, այդ զենքն օգտագործվելու է Հայաստանի դեմ: Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել Իրանի դեմ: Իհարկե, տեսականորեն ոչինչ չի կարելի բացառել, այդուհանդերձ Ադրբեջանի միակ հակառակորդը Հայաստանն է»,- ավելացրեց փորձագետը:



Читайте также

Оставить комментарий