Եվրոդատարան. «Ցեղասպանության գոյությունը, ինչը ճշգրիտ կերպով սահմանված իրավական ըմբռնում է, հեշտ չէ ապացուցել»

irevanaz.comՕրերս միջազգային լրատվամիջոցները արդեն լուր էին տարածում, թե Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեորեն պատժելի չէ:

Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարացրեց թուրք քաղաքական գործիչ, Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին, ում Շվեյցարիայի դատարանը 2007 թվականին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար և 12 հազար շվեյցարական ֆրանկով տուգանելու որոշում կայացրել:
Եվրոպական դատարանը, սակայն, որոշեց, որ Շվեյցարիայի դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն և դրա համար չպետք է քրեական պատիժների ենթարկվեն:

Դատարանը մատնանշել է, թե իր խնդիրը չէ վճիռ կայացնել Հայկական ցեղասպանության իրավական բնութագրման վերաբերյալ։ Ցեղասպանության գոյությունը, ինչը ճշգրիտ կերպով սահմանված իրավական ըմբռնում է, հեշտ չէ ապացուցել։ Դատարանը կասկածում է, որ կարող է ընդհանուր համախոհություն լինել այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, որոնք խնդրո առարկա են, ելնելով  այն հանգամանքից, որ պատմական հետազոտությունը դեռևս բաց է քննարկման համար և բանավեճերի թեմա կարող է լինել, ու անպայման չէ, որ այդ ամենի արդյունքում լինեն վերջնական եզրակացություններ կամ օբյեկտիվ ու բացարձակ ճշմարտության հաստատում։

Դատարանի որոշման մեջ նշված է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները անպայման չէ, որ այդ պաշտոնական տեսակետը վիճարկողների դեմ քրեական պատիժներ նախատեսող օրենքներ ընդունեն: Պետք է ընդունել, որ ազատ կամարտահայտությունը առաջին հերթին ուղղված է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, որը կարող է քննարկումներ առաջացնել դեռևս ոչ լիարժեքորեն հստակ հարցերի շուրջ, գտնում է Եվրադատարանը:

Ստրասբուրգի դատարանը նշում է, թե Դողու Փերինչեքը երբեք չի վիճարկել այդ տարիների զանգվածային ջարդերն ու տեղահանությունները, այլ հանդես է եկել ցեղասպանություն բնորոշումը օգտագործելու դեմ:

Դատարանը եզրակացրել է, որ Փերինչեքը չի խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է ենթադրում ատելության, անհանդուրժողականության, բռնությունների կոչերի ու գաղափարների համար:

«1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն չընդունելը չի նշանակում ատելության դրսևորում հայ ժողովրդի դեմ: Փերինչեքը երբեք արհամարհանք չի արտահայտել այդ  իրադարձությունների զոհերի հանդեպ», - գտնում է դատարանը՝ եզրակացնելով, որ Փերինչեքը չի խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին:

Դատարանը Փերինչեքին նյութապես փոխհատուցելու որոշում չի ընդունել՝ գտնելով, որ նրա գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը ճանաչելը ամբողջովին փոխհատուցում է նրան հասցված վնասները:

Եվրադատարանը իր որոշման մեջ հիշատակում է նաև անցյալ տարի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել խորհրդարանում ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:

Սահմանադրական խորհուրդը համարել էր, որ օրինագիծը խախտում է խոսքի ազատությունը և հակասահմանադրական է:

Քանի որ երկրներ կան, որտեղ քրեական պատասխանատվություն է սահմանված հրեաների Հոլոքոսթը ժխտելու համար, Եվրոպական դատարանը իր երեկվա որոշման մեջ տարանջատել է հայերի և հրեաների հարցերը: Դատարանը իր որոշման մեջ պարզաբանել է, որ հրեաների Հոլոքոսթին վերաբերող գործերով պատասխանողները երբեմն մերժել են շատ կոնկրետ պատմական փաստեր, ինչպիսին, ասենք, գազախցիկներն էին, նրանք մերժում են նացիստների կողմից իրականացված հանցագործությունները, փաստեր, որոնք հստակ սահմանված են միջազգային տրիբունալի կողմից:

Որոշում ընդունած դատական կոլեգիան բաղկացած էր յոթ դատավորից, նախագահությամբ՝ իտալացի Գուիդո Ռայմոնդինիի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս վճիռը կողմերից մեկը կարող է բողոքարկել երեք ամսվա ընթացքում:

2005 թվականին Դողու Փերինչեքը, մասնակցելով Շվեյցարիայում անցկացվող մի շարք քննարկումների, «կլոր սեղանների», հայտարարում էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:

Jerusalem Post-ը գրում է, որ Եվրոպական դատարանի որոշումը ազդեցություն կթողնի եվրոպական մյուս երկրների վրա, մասնավորապես՝ Ֆրանսիայի, որտեղ փորձ է արվում քրեականացնել հայերի ցեղասպանության ժխտումը:

Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկն ասել է, թե ընդունված որոշումը համապատասխանում է Թուրքիայի տեսակետին: «Մենք ակնկալում էինք այս արդյունքը», - թերթին ասել է  պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում:



Читайте также

Оставить комментарий