ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼԻՔ ՀԱՏՎԱԾՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ՝ ԿԱՊՎԱԾ TRIPP-Ի ՀԵՏ»
«Հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք՝ կապված TRIPP նախագծի հետ», - այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Սահմանազատման Հայաստանի հանձնաժողովը գլխավորող Գրիգորյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի ստորագրումը գործընթացը շարունակելու երկկողմ շահագրգռվածություն առաջացրեց:
«Երկկողմ ստիմուլ կա գործընթացը շարունակելու սահմանազատման, և դա քննարկվում է: Բացի դա, ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածները ինչ դիրք կունենան, և դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքերը սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք», - ասաց փոխվարչապետը:
Գրիգորյանը նշեց, որ այս պահին էլ կառուցողական քննարկումներ կան ադրբեջանցի գործընկերոջ հետ, որոնք վերաբերում են ընդհանրապես գործընթացի շարունակությանը: Եվ որոշ ժամանակ անց կլինի տեղեկատվություն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը: Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ վերջին հանդիպումն էլ կապված էր հենց TRIPP նախագծի հետ:
«Մենք այցելեցինք միասին հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRiPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի, որը ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ», - հայտարարեց Հայաստանի փոխվարչապետը:

