ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ՍԵՆԱՏՈՐ ԲՈԲ ՄԵՆԵՆԴԵՍԻ ԿԻՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 4,5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսի լաց ու կոծ դրած կինը դատավորին ասել է, թե իր ամուսինը «այն մարդը չէր, որին ինքը ճանաչում էր», նախքան հինգշաբթի օրը 4,5 տարվա ազատազրկման դատապարտվելը՝ քաղաքական գործչի վրա «ազդեցություն վաճառելու» համար՝ կանխիկ փողով, ոսկու ձուլակտորներով և շքեղ ավտոմեքենայով կաշառքի դիմաց, հաղորդում է Associated Press-ը։
58-ամյա ազգությամբ հայ Նադին Մենենդեսն (Արսլանյան) ապրիլին դատապարտվել է 2018-2023 թվականներին իր ամուսնու՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին դեմոկրատ նախագահի հետ դավադրության մեջ մտնելու համար՝ տարբեր կոռուպցիոն սխեմաներում, որոնցից մի քանիսը կապված էին Եգիպտոսի կառավարությանը օգնության հետ։ Նադին Մենենդեսը, որը դատավճռից առաջ մի քանի րոպե արցունքն աչքերին խոսել է դատավորի հետ, ամուսնուն անվանել է ստախոս մանիպուլյատոր։
Դատարանի շենքի մոտ նա ասել է, որ մտադիր չէ բաժանվել իր 71-ամյա ամուսնուց, որը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառակերության, շորթման և Եգիպտոսի կառավարության գործակալ լինելու համար։ Նադին Մենենդեսը բանտ չի վերադառնա մինչև հաջորդ ամառ։ Դատարանը նրա պատժի կրման մեկնարկի ամսաթիվը սահմանել է հուլիսի 10-ը՝ բավարարելով պաշտպանության կողմի միջնորդությունը, որ նրան թույլատրվի ազատ մնալ՝ բանտ գնալուց առաջ անհրաժեշտ բժշկական միջամտություններ անցնելու համար։
Դաշնային դատախազները չեն առարկել միջնորդության դեմ։ Մեղադրողները պահանջել էին առնվազն յոթ տարվա ազատազրկում։ Նրա փաստաբան Սառա Քրիսոֆը խնդրել էր ընդամենը մեկ տարի՝ վկայակոչելով կրծքագեղձի քաղցկեղից ապաքինվելու նրա դժվարությունները, որը նրան ախտորոշվել էր անցյալ տարի դատավարությունից կարճ ժամանակ առաջ, երբ նա պետք է դատվեր ամուսնու հետ միասին։ Արդյունքւոմ, նրա գործը առանձին է քննվել։
Դատավճռի հրապարակումից հետո Քրիսոֆը հայտարարել է, որ իր հաճախորդը մտադիր է բողոքարկել վճիռը։ Դատախազները պնդում են, որ Նադին Մենենդեսը վիթխարի և վճռորոշ դեր է խաղացել իր ամուսնու հանցագործություններում՝ միջնորդ լինելով սենատորի և Նյու Ջերսիի երեք գործարարների միջև, որոնք բառացիորեն նրա վերարկուի գրպանները տասնյակ հազարավոր կանխիկ դոլարներ էին լցրել՝ իր քաղաքական ազդեցության միջոցով մատուցվող ծառայությունների դիմաց: 2022 թվականին զույգի Նյու Ջերսիի տանը ՀԴԲ-ի կատարած խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են 480 հազար դոլար կանխիկ, մոտ 150 հազար դոլար ոսկու ձուլակտորներ և շքեղ կաբրիոլետ ավտոտնակում:
Դատախազները նշել են, որ իր այլ կոռուպցիոն գործողությունների շարքում սենատորը հանդիպել է Եգիպտոսի հետախուզության պաշտոնյաների հետ և արագացրել է այդ երկրի հասանելիությունը ԱՄՆ ռազմական օգնությանը՝ որպես կաշառակեր համախոհներին օգնելու բարդ ջանքերի մի մաս, որոնցից մեկը գործարքներ է ունեցել Եգիպտոսի կառավարության հետ:


Читайте также

Оставить комментарий