ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՆԱԽՉԸՎԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ԻՆՉՊԵՍ ԻՐԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ․ՈՒՐԱԼՕՂԼՈՒ

Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախչըվան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով, Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով՝ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։
Անկախ երթուղու վերջնական որոշումից, ըստ թուրք նախարարի, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ այնուամենայնիվ կստեղծվեն։
«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է», - ասել է Ուրալօղլուն։
Թուրք նախարարի խոսքով՝ որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն։ «Պարզապես անխոհեմ է նման գաղափարին ընդդիմանալը»,- ընդգծել է Ուրալօղլուն՝ շեշտելով՝ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերականգնման բանակցություններին, սակայն մշտական կապի և համակարգման մեջ է Բաքվի հետ։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ նշելով, որ Հայաստանը պետք է Նախչըվանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախչըվանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:
Իրանն էլ իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։


Читайте также

Оставить комментарий