ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի օրեր առաջ Գերմանիայում արած հայտարարությունը, թե Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացը՝ չնայած, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և ուսումնասիրել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները։
Առաջարկները, որոնց մասին խոսել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի օր առաջ, այլ 15 օր։
«Միաժամանակ, ինչպես երևում է Հայաստանի արտգործնախարարի այս հայտարարությունից, հայկական կողմը իրեն թույլ է տալիս շահարկել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացը և ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` փորձելով ներկայանալ որպես կառուցողական կողմ։
Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմն է խախտել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը և բանակցություններից հրաժարվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Հիմա խաղաղ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում այս գործընթացի համար։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հանդես է գալիս կարճ ժամանակում խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների անցկացման օգտին և միշտ պատրաստ է դրան»,- նշել է Այխան Հաջիզադեն։


Читайте также

Оставить комментарий