ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԵՐԿԱԹԳԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ

Փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում «ամենակոնկրետը քննարկվել է» երկաթգծի հարցը, այն գործելու է մաքսային և սահմանային հսկողության ներքո, «Ազատության» հետ զրույցում ասաց այդ խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման առումով չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ` ըստ իրավական պահանջների:
«Կան ընդհանուր ընկալումներ սիմետրիկ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպում պայմանավորվածության, որովհետև ներդրումները մեծ են և իհարկե, ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում: Այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների շուրջ եղել են պաշտոնական հրապարակումներ», - նշեց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի, փոխվարչապետն ասաց. «Հույս հայտնել նշանակում է, որ կա հույս, որ կլինի առաջընթաց: Մենք եռակողմ աշխատանքային խմբի հարթակում ունեցել ենք 8-9 հանդիպումներ, և այո, քննարկումները եղել են ըստ էության, քննարկվել են բավականին կոնկրետ»:
Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա:
Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր երկիր իր մասի ենթակառուցվածքը կառուցելու է իր միջոցների հաշվին. «Մեր դեպքում ամենայն հավանականությամբ դա կլինի պետական նախաձեռնություն, պետական ենթակառուցվածք, կարծում եմ` այս իրավիճակում և այս դեպքում ճիշտ է, որ դա լինի պետական ենթակառուցվածք»:
Երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին նաև «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։ Մհեր Գրիգորյանը շեշտեց` ընկերության հետ ինտենսիվ համագործակցում են. «Աանկախ եռակողմ հարթակի աշխատանքներից` երկկողմ հարաբերությունների բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, և անկախ ապաշրջափակման հանգամանքներից` ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսորը: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերի հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների, ի վերջո իրենք են լինելու շահագործողը»:


Читайте также

Оставить комментарий