ՊԻՏԵՐ ՍՏԱՆՈ. ԵՄ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրամիությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը»,-ասել է Պիտեր Ստանոն, ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլիչի այսօրվա հանդիպում կարևոր քայլ էր։
«Եվրամիությունը խրախուսում է Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար», - ընդգծել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։
Պաշտոնական հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի այդ երկու երկրների հետ Եվրամիության հարաբերություններում։
«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին», - հայտարարել է Պիտեր Ստանոն։