ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՆ Է

Սահմաններին լարվածությունից խուսափելու միակ միջոցը սահմանազատման գործընթաց սկսելն է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մինչ օրս դա թույլ չի տալիս տարբեր պատրվակներով։
«Չնայած ադրբեջանական պետության նախաձեռնած կառուցողական բանակցություններին՝ մենք դա չենք տեսնում հակառակ կողմից։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ սահմանին սադրանքներ են իրականացվում Հայաստանի կողմից։ Դա շատ տհաճ է։ Այդ սադրանքների արդյունքում մարդիկ են զոհվում», - ասել է Բայրամովը, հավելելով, թե Հայաստանը սովորաբար ուժեղացնում է սադրանքները ավելի վաղ հայտարարված բանակցություններից առաջ»։
«Հայաստանը պետք է հասկանա, որ նման սադրանքների դիմելով ոչնչի չի հասնի։ Դա շատ լուրջ հետևանքներ կունենա։ Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է հրաժարվի նման գործողություններից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նախօրեին նույն բնույթի հայտարարությամբ էր հանդես եկել Բայրամովի ղեկավարած գերատեսչությունը։
Անցնող շաբաթ Հայաստանի արևելյան սահմանին փոխհրաձգությունների հետևանքով յուրաքանչյուր կողմից, պաշտոնական տվյալներով, մեկ զինծառայող է զոհվել, հայկական կողմը հաղորդել է նաև մեկ տասնյակ վիրավորների մասին։


Читайте также

Оставить комментарий