ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԱՌԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԴԵՄ, ԴՐԱ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

«Պատերազմն ավարտվել է, տարածաշրջանը կանխատեսելիության և կայունության կարիք ունի: Անցած շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում հանդիպումը լավ ցուցանիշ է այն բանի, որ երկխոսությունը կարելի է վերսկսվել և խաղաղ լուծում փնտրել: Հուսով եմ, որ հանդիպումները կդառնան՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության սկիզբը», - France 24-ին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ հնարավորություն է ունեցել հանդիպել Հայաստանի վարչապետի հետ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունվարին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:
«Այս հանդիպումը նվիրված էր հետկոնֆլիկտային համագործակցությանը: Մենք հնարավորություն չունեցանք հանդիպելու (Հայաստանի վարչապետի հետ - խմբ.), այդ թվում՝ համավարակի և այլ պատճառներով: Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ամենաբարձր մակարդակով երկխոսությունից: Այդ շփումները հնարավորություն են տալիս պարզաբանել հարցերը: Մեր դիրքորոշումը հստակ է. Հակամարտությունը լուծված է, հետ գնալու կարիք չկա, անհրաժեշտ է նայել առաջ», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Լրագրողի այն հարցին, թե նա պատրա՞ստ է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ, Իլհամ Ալիևը պատասխանել է, որ «երկու առաջնորդների շփումները սովորաբար անցկացվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»: «Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես գա նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, մենք դեմ չենք լինի», - ամփոփել է Իլհամ Ալիևը: