ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՅԼԵՎՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՉՈՒՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին և քննադատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը:
Նա ասել է, թե Հայաստանը «ապակառուցողական դիրքորոշում է դրսևորում և ամբողջությամբ չի կատարում հայտարարության դրույթները»:
«Համաձայն եռակողմ հայտարարության, Հայաստանը պարտավորվել է դուրս հանել բոլոր զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից: Հայաստանը պարտավոր է այլևս զինծառայողներ չուղարկել Ադրբեջանի տարածք, դա սպառնում է կայունությանը և վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար»,- ասել է Բայրամովը:
Բացի այդ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ, «Հայաստանն առ այսօր չի փոխանցել Ադրբեջանում տարածքների ականապատման քարտեզները»:
«Միջազգային համայնքը և միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն, անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա և պարտադրել այդ երկրին ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել»,- ասել է Բայրամովը, նշելով, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ղարաբաղում ականված շրջաններում տեղի են ունեցել պայթյուններ, որոնց հետևանքով 18 մարդ զոհվել է, և 78 մարդ վնասվածք է ստացել:
«Վերջին այսօրինակ միջադեպը երեկ է տեղի ունեցել, 6 մարդ է տուժել Աղդամի շրջանում»,- ասել է Ջեյհուն Բայրամովը:


Читайте также

Оставить комментарий