Սեպուհ սրբազանի Աստվածը Օսիպյան Վալերն է

irevanaz.com

Հետաքրքիր բան ենք իմացել Լոռվա մարզից: Ուրեմն, Վանաձորի գլխավոր եկեղեցու, որը Գուգարաց թեմի առաջնորդի նստավայրն է, հարևանությամբ ապրում է մի կին, որը սիրում է աղավնիներ: Պահում է դրանց մեծ քանակությամբ և, բնականաբար, բաց է թողնում: Իսկ աղավնիներն էլ սիրում են ինչ-որ մի տեղ նստել և իրենց նստավայր են ընտրել եկեղեցու կտուրը: Դե, պարզ է, որ աղավնին մի տեղ նստելիս անպայման կեղտոտում է: Սեպուհ սրբազանի դուրը դա չի գալիս, և նա միշտ կոնֆլիկտի մեջ է եղել այդ կնոջ հետ: Կինը փորձում է բացատրել սրբազանին, թե աղավնիները բանականություն չունեն, չեն հասկանում, եթե անգամ շատ բացատրես, աղավնի պահելն էլ անօրինական զբաղմունք չէ, մի խոսքով, բազում անգամներ բացատրել է պարոն Սեպուհին, որ բողոքների վերջը տա և «յան տա» իրենից ու իր աղավնիներից: Բայց սրբազանը չի հասկանում...
Բացի աղավնիներից, այդ եկեղեցու կտուրին նստում են նաև ագռավներ, որոնք, ինչպես հայտնի է, ավելի կեղտոտ թռչուններ են: Եվ մեր հերոսուհին օգտվում է այդ առիթից ու սրբազանի հետ զրույց-բազարների ժամանակ նաև մատնանշում է ագռավներին: Ասում է. եթե ես աղավնի չունենամ, մեկ է` քո կտուրը միշտ կեղտոտ է լինելու: Մի խոսքով, Սեպուհ սրբազանի համբերության բաժակը լցվում է, և երեկ նա այդ կնոջ մոտ է ուղարկում Վանաձոր քաղաքի ոստիկանապետին: Ոստիկանապետը նորմալ մարդ է լինում, լսում է կնոջ հակափաստարկները, բայց քանի որ բողոքավորը սովորական մարդ չէ, որոշում է ինքն անձամբ դառնալ աղավնի` խաղաղության, և կնոջը տանում է սրբազանի մոտ: Զրուցում են, ընդհանուր հայտարարի չեն գալիս: Քննարկում են նաև ագռավների թեման: Վերջապես, ոստիկանապետն ասում է, թե` պրն սրբազան, ենթադրենք՝ այս տիկինը չկա, աղավնի չկա, բա ագռավների հարցով ո՞ւմ էիր բողոքելու: Հավանաբար, ոստիկանապետը հարցի պատասխանը նախօրոք գիտեր. բնականաբար, սրբազանը, որպես հավատացյալ մարդ, պիտի Աստծո անունը տար: Եվ ի՞նչ է անում Սեպուհ սրբազանը՝ Գուգարաց թեմի առաջնորդը:
Նրա արածը ոչ մեկի մտքով չի անցնի: Նա ոստիկանապետին ասում է, որ կհեռացնի նրան աշխատանքից, ընդհատում է զրույցը, նստում է իր մեքենան և քշում է Երևան` Վալերի Օսիպյանի մոտ: Ըստ մեր օպերատիվ տվյալների՝ երեկ, ժամը 15-16-ի սահմաններում, Վալերի Օսիպյանը, թողնելով իր բոլոր հակահանցագործային գործերը, զբաղված է եղել Սեպուհ սրբազանով: Թե ինչ են խոսել և ինչ եզրահանգման են եկել` մեզ դեռ հայտնի չէ: Մի բան է հստակ. Վալերի Օսիպյանը երեկ և այսօր Վանաձորի բաժնի պետ չի հեռացրել աշխատանքից՝ այսպիսով չկատարելով սրբազանի խոստումը:
Մենք կհետևենք այս դրամատիկ պատմության շարունակությանը: Վանաձորի ոստիկանապետի ճակատագիրը կախված է Աստծուց, ինչպեսև ամեն ինչ այս երկնքի տակ: Եթե Վալերի Օսիպյանն իրոք հավատացյալ մարդ է, նա պիտի հեռացնի ոստիկանապետին և թոշակից էլ զրկի, եթե այդ բանը տեղի չունեցավ, նշանակում է` Վալերի Օսիպյանը, ինչպեսև Փաշինյան Նիկոլը, հավատացյալ չէ և Հայ Առաքելական եկեղեցու հետ քիչ ընդհանուր բան ունի։
Հետգրություն
Այսօր տեղեկություն ստացանք, որ մեր հերոսուհին էլ իր հերթին գնացել է Վանաձորի քաղաքապետի մոտ՝ բողոքելու Սեպուհ սրբազանի դեմ։ Քաղաքապետը զարմացել է, ծիծաղել, զանգել սրբազանին, թե՝ ա՛յ ախպեր, ամոթ է, թարգի՛ր։ Բնականաբար, չգիտենք սրբազանի պատասխանը, այն կիմանան Վանեցյան Արթուրի հիմնարկում, որտեղ ամեն ինչից տեղյակ են։ Ինչևէ, սպասենք Վալերի Օսիպյանի կադրային որոշմանը։
shame.am



Читайте также

Оставить комментарий