Արմեն Գարեգինյան. «Ռուսները «օգնում» են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու Սարգսյանի ու Քոչարյանի շահերը»

irevanaz.comԱպրիլի սկզբներին, երբ Հայաստանում «հորիզոնները խաղաղ էին», ռուսական «Интерфакс» գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ «ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածներ ունի, որ ՀՀ-ից թուրքական ծագման լոլիկ է վերաարտահանվում ՌԴ: Ելնելով էլ դրանից, ՌԴ «մասնագետները» ապրիլի 11-ից «ստուգումներ սկսեցին» Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում հեղափոխություն էր, և բուսասանիտարական ծառայության իրականացրած «ուսումնասիրությունները» որևէ մեկին հետաքրքիր չէին:
Ռուսների ապրիլյան «հաթաթայի» քառասունքը չբոլորած, մայիսի 10-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը տարածեց հերթական հաղորդագրությունը, որում խոսվում էր ՀՀ-ից ՌԴ ներկրվող լոլիկում ու վարունգում կարանտին համարվող հարավամերիկյան ցեցի և կալիֆոռնիական ծաղկային թրիփսի առկայության մասին:
Փաստորեն, ընդամենը մեկ ամսվա ընթացքում ռուսների կասկածներն ու դժգոհությունները վերապրոֆիլավորվեցին: Որքան էլ զարմանալի է, դա այն դեպքում, երբ «Ռոսսելխոզնադզոր»-ի ուսումնասիրողները ապրիլին բոլորովին էլ չեն համոզվել, որ ՀՀ-ից ՌԴ արտահանվող լոլիկը տեղական ծագման է: Հարցը հասել է այնտեղ, որ խոշոր ու հիմնական արտահանող ընկերությունը ստիպված է եղել գնալ խաբեության, ու գյուղերում եղած մի քանի հարյուր քառ․մետրանոց ջերմոցներն ու ջերմատները ներկայացնել որպես իրենց «գործընկեր», որոնց արտադրանքը ևս իրենք են արտահանում: Անլուրջ կլինի մտածել, որ ռուսները համոզվել են դրանում: 21-րդ դարում, երբ արեգակնային գալակտիկայից դուրս հստակեցումներ են մտցնում, Ռուսաստանի Դաշնությունը տարիներ ի վեր չի կարողանում ճշտել, թե Հայաստանում ինչքան լոլիկ է արտադրվում, ու ՀՀ-ից ՌԴ ներկրվածի որ մասը հայկական ծագման չէ: Այդ ամենն ռունսերի համար առավել քան հստակ է առաջին իսկ օրվանից: Մեկ տարվա մեջ լոլիկի արտահանումը 1.5 հազար տոննայից հասնում է ավելի քան 23 հազարի, ու դա ոչ մեկի մոտ հարց չի առաջացնում՝ թե ինչպես: Ռուսները հիանալի գիտեն, որ դրա թիկունքում Սերժ Սարգսյանն է կանգնած, որ արտահանվողի բացարձակ մեծամասնությունը թուրքական ծագման է: Նույն կերպ եվրոպական ծագման մթերք է ներկրվում ՌԴ Բելառուսից: Ռուսները դա էլ գիտեն: Բայց քանի որ դրա կարիքն ունեն, ու քանի որ հրապարակավ արգելել են այդ երկրներից սննդամթերքի ներկրումը, «աչք են փակում»: Պարզապես ժամանակ առ ժամանակ արգելում են դրա մուտքը՝ որոշակի հստակ մեսիջներ հղելով հասցեատերերին: Ապրիլին հստակ հասցեատերը Սերժ Սարգսյանն էր: Թե ինչ էին դրանով նրան հասկացնում, հասկանալի էր երկու կողմին էլ: Մինչդեռ «Ռոսսելխոզնադզոր»-ի մայիսյան հաղորդագրությունն արդեն բոլորովին այլ ենթատեքստ ուներ: Հիմա էլ չեն պնդում, որ լոլիկը հայկական ծագման չէ: Իրոք, հասկանալի պատճառներով հիմա չի կարող Հայաստանով թուրքական լոլիկ արտահանվել: Հետևաբար, այս մեսիջը դարձյալ հստակ, բայց այլ հասցեատեր ունի՝ Նիկոլ Փաշինյան: Որքան էլ նա հրապարակավ հավաստիացում է, որ թավշյա հեղափոխությունը հակառուսական ոչինչ չունի, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, այդուհանդերձ, Մոսկվայում Հայաստանի նոր իշխանությանը չեն վստահում և դրանով հասկացնում են, որ հայերը, «փոքր-ինչ շեղվելու դեպքում», նման պատերի են հանդիպելու: Այդպես եղել է Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի դեպքերում: Եվ որքան էլ Ռուսաստանում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը հայտարարի, որ «ոչ մի առանձնահատուկ բան չկա, դա ընդամենը զգուշացում է, այլ ոչ թե սահմանափակում», փաստն այն է, որ նույն ընթացքում Ռուսաստանը գրեթե արգելել է հայկական չրերի արտահանումը իրենց տարածք, պահանջելով այնպիսի խիստ սերտիֆիկացում, որը գործնականում անհնարին է: Եվրոպական ու ամերիկյան պահանջները սրա համեմատ անասելի մեղմ են:
Տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը ի պաշտոնե աշխատելու է ամեն ինչ անել, որպեսզի հայկական գյուղմթերքի արտահանման ճանապարհը դեպի Ռուսաստան միշտ բաց լինի: Մինչդեռ այսօր Հայաստանից արտահանվող ամենամեծ խմբաքանակներից մեկը լոլիկն է, որի հիմնական արտադրողը «Սպայկա» ընկերությունն է, որ համաձայն օդում կախված լուրերի և ոչ միայն, սրա երկու հիմնական բաժնետերերը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարազատներն են: Հետևաբար, գոնե այս փուլում Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ առաջին հերթին հանուն նրանց բիզնեսի:
Սակայն նշենք նաև, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի մայիսի 10-ի հայտարարությունից ընդամենը երեք-չորս օր անց, հետո, թերևս Նիկոլ Փաշինյանի այցից բավարարված ռուսները «անձայն» մեղմել են իրավիճակը: «Պարզվել է», որ լոլիկի մեջ հայտնաբերված ցեցը, գտնվում է նրա կանաչ պոչի վրա: Հետևաբար, առաջարկվել է արտահանել միայն պտուղը, առանց կանաչ պոչի: Մյուս կողմից էլ նրանք հիանալի գիտեն, որ դա իրենց գործընկերների բիզնեսն է, որի համար ժամանակին Հովիկ Աբրահամյան-Դմիտրի Մեդվեդև վարչապետների մակարդակով քննարկումներ են եղել: Բայց ֆիքսենք նաև, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի նմանատիպ շոուները, պարբերաբար կրկնվելու սովորություն ունեն: Այնպես որ, սպասենք:



Читайте также

Оставить комментарий