Սերգեյ Լավրով. «Ղարաբաղյան կարգավորման այս փուլում ամենակարեւորը հարցին չխանգարելն է»

irevanaz.comԱդրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները այս ամիս հանդիպում կանցկացնեն, հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Անդրադառնալով առաջիկա հանդիպման տրամաբանությանը` Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երեք երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռակողմ` Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեւաչափով անցկացվող յուրաքանչյուր բանակցությունից առաջ:

«Արտգործնախարարներն այդ շփումների ժամանակ ձգտում են շոշափել երկու-երեք հարցերի լուծումները, որոնք թեեւ աննշան են մյուս` արդեն իսկ համաձայնեցված հարցերի համեմատությամբ, բայցեւ ավելի բարդ են համարվում», - ասել է Լավրովը:

«Ռուսաստանը համանախագահ մյուս երկրների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ միասին ջանքեր է գործադրում Ղարաբաղյան բանակցություններում համաձայնության ձեռք բերման համար», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Խոսելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ անցկացվող արդեն ավանդական դարձած հանդիպումների մասին` Սերգեյ Լավրովը ասել է, որ այդպիսի շփումներն արդեն մեկ տասնյակից ավելի են եղել, նաեւ` անդրադարձել է դրանց նպատակին:
«Բացի եռյակում (ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունում - Իրեւան) իր մասնակցությունն ունենալուց, Ռուսաստանը` նախեւառաջ ի դեմս նախագահ Մեդվեդեւի, օգտագործում է իր հարաբերությունները Բաքվի եւ Երեւանի հետ` համանախագահների արդեն իսկ համաձայնեցրած մոտեցումների համատեքստում աշխատելով գտնել լուծումներ նաեւ երեք երկրների` Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների ֆորմատում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը իր ղեկավարած կառույցի անցած տարվա աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում:

«Կարգավորման այս էտապում ամենակարեւորը հարցին չխանգարելն է: Որովհետեւ, երբ ներգրավվում են այնպիսի ամբիոններ, ինչպիսին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն են, հարցը քննարկումների դաշտից հասարակական բանավեճի դաշտ է տեղափոխվում», - ընդգծել է Լավրովը:



Читайте также

Оставить комментарий