Իլհամ Ալիեւ. «Ուժեղ Ադրբեջանը կարող է խոսել թույլ Հայաստանի հետ ցանկացած լեզվով»

irevanaz.comՀունիսի 26-ին Ադրբեջանի բանակի օրվա առիթով Բաքվում անցկացված զորահանդեսի բացմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` իր խոսքի զգալի մասը նվիրելով Ադրբեջանի բանակին ու Ղարաբաղի խնդրին:
«Մեր դիրքորշումը ամրապնդվում է ուժեղ բանակով, դրա համար բանակաշինությանը հատուկ ուշադրություն է դարձվում», - ասել է Ալիեւը:
Նա նշել է, որ բանակաշինությունը առաջնահերթ հարց է Ադրբեջանի համար, բյուջեից մեծ գումարներ են հատկացվում բանակին:
«2003 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 163 միլիոն դոլար, անցյալ տարի այն արդեն կազմել է 3 միլիարդ 600 միլիոն, իսկ այս տարի` 3 միլիարդ 700 միլիոն դոլար», - ասել է Ալիեւը` ավելացնելով, որ վերջին տարիներին Ադրբեջանը ձեռք է բերել «մարտական եւ տրանսպորտային 100 ուղղաթիռ, տասնյակ մարտական օդանավեր, հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգեր, ամենաժամանակակից տանկեր, հրետանային համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել թշնամու ցանկացած հենակետ»:
Ղարաբաղի խնդրի, չկարգավորված հակամարտության մասին Ալիեւն ասել է, թե Ադրբեջանը ապրում է պատերազմական իրավիճակում. - «Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մեր բանակը յուրաքանչյուր րոպեին պետք է պատրաստ լինի ցանկացած ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»:
«Ուժեղ Ադրբեջանը կարող է խոսել թույլ Հայաստանի հետ ցանկացած լեզվով: Ուղղակի տարածաշրջանում կայունության պահպանման համար մենք առայժմ նախապատվությունը տալիս ենք բանակցություններին», - հայտարարել է նա` համոզմունք հայտնելով, որ «Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում եւ Շուշայում ծածանվելու է ադրբեջանական դրոշը»:
Քննադատելով Հայաստանի ապակարուցողական դիրքորոշումը բանաքցսյին գործընթացում` Ալիեւն ասել է, թե Ադրբեջանի պետությունն ու ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետություն ստեղծվի:
«Մենք կձգտենք, որ այդ խնդիրը շուտ լուծվի: Հարցի լուծումը, բնականաբար, ընթանում է քաղաքական ճանապարհներով եւ բանակցությունների գործընթացը շարունակվում է: Բայց մեր ուժեղ բանակն ու հզոր ներուժը ամրապնդում են մեր դիրքորոշումը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ Լեռնային Ղարաբաղը կա եւ կլինի ադրբեջանական տարածք»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Զորահանդեսին մասնակցել է ավելի քան 5 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, 100 ռազմական օդանավ եւ 40 ռազմանավ:



Читайте также

Оставить комментарий