ՅԱՇԱՐ ԳՅՈՒԼԵՐ. «ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆՔ ԳՐԱՆՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Թուրքիան խորացնում է երկկողմ կապերը եղբայրական Ադրբեջանի հետ, խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ։ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում», - ասել է թուրք նախարարը, տեղեկացնելով՝ Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում։Գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։
Թուրք նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ համագործակցությանը քարտեզագրության ոլորտում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից քարտեզագրության գլխավոր վարչությունն աջակցել է Ադրբեջանին քարտեզների արտադրության հարցում։ «Այս ոլորտում մեր խորհրդատվական օգնությունն ու աջակցությունը շարունակվում են», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

