ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՆԴԻՊԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ․ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Բաքու այցից, որը կայացել է նախորդ երկու օրերին։Նավասարդյանը նշել է, որ սա իր առաջին այցն էր Բաքու՝ 2011 թվականից ի վեր, երբ այնտեղ մասնակցել է միջազգային համաժողովի։ Ըստ նրա՝ այցը եղել է «մեկուկես» դիվանագիտական ձևաչափով (Track 1.5 diplomacy), քանի որ մասնակցություն է եղել նաև պետական կառույցների ներկայացուցիչների կողմից...
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցած ուղերձը, թե Ադրբեջանը պատերազմը համարում է ավարտված և ցանկանում է խաղաղություն՝ Նավասարդյանն ընդգծել է, որ անցյալի գնահատականները երկու հասարակությունների մոտ երբեք չեն համընկնելու, սակայն կարևոր է, թե դա ինչպես է ազդում արդիական քաղաքականության վրա։ «Անցյալի նկատմամբ երբեք Ադրբեջանի հասարակությունը և Հայաստանի հասարակությունը նույն գնահատականները և ընկալումները չեն ունենալու։ Բայց խնդիրն այն է՝ դա դառնո՞ւմ է արդիական քաղաքականության մաս, թե՞ չի դառնում։
Արդիական քաղաքականությունը պետք է այսօրվա իրավիճակի վրա հենվի, հնարավորությունների վրա հենվի»։
Նավասարդյանը հայտնել է, որ իրենց անմիջական շփումներում ադրբեջանցի պաշտոնյաները չեն օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվել են դրանից։ «Մեր անմիջական շփումներում Բաքվում որևէ մեկը «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չի օգտագործել․․․ Բայց որքան էլ մեզ համար դա անցանկալի է, Ադրբեջանը չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցք» հասկացությունից։ Դա արդեն մտել է․․․ դա ընդունվել է հասարակության կողմից, և եթե հիմա հանկարծ Իլհամ Ալիևը կամ Ջեյհուն Բայրամովը դադարի օգտագործել այդ եզրույթը, նրանք լուրջ խնդիրներ կունենան հենց իրենց հասարակության հետ»։
Խոսելով Բաքվի ներկայիս տեսքի և մթնոլորտի մասին՝ վերլուծաբանը նկատել է․ «Զգացվում է, որ դա երկիր է, որտեղ ամեն ինչ ուղղահայաց ղեկավարվում է, և այն ցանկությունները, այդ թվում նաև դրական, որ կան վերևներում, արտացոլվում է նաև քաղաքի տեսքում։
Կարգապահությունը շատ ավելի բարձր է [քան նախկինում], և դա երևի ամենաակնառու երևույթն էր մթնոլորտի տեսակետից»։

