ՄԵՐ ՆՈՐԱԾԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ 1 ԱՄԻՍ 22 ՕՐԵԿԱՆ Է. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ահռելի աշխատանք էին արել․ 2024 թվականին առաջին անգամ սահմանազատվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի ավելի քան 12 կիլոմետրանոց մի հատված, ստորագրվել և վավերացվել էր երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսված է որպես երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք, 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և նախագծի համաձայնեցման մասին։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում:
«Բայց առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անհատական և անձնական ներգրավվածության, առանց նրա անձնական ջանքերի հնարավոր չէր լինի հասնել այն արդյունքին, որին մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հասանք ս/թ օգոստոսի 8-ին։
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, մենք ընդունեցինք Հռչակագիր, որով արձանագրեցինք խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նախագահ Թրամփը` որպես վկա, նույնպես ստորագրեց այդ Հռչակագիրը։ Նախագահ Թրամփի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ երկու երկրների ԱԳ նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։
Սա պատմական իրադարձություն էր, որ խաղաղություն բերեց մեր երկրներին։ Բայց ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, խաղաղությունն արձակուրդ կամ հանգիստ չէ, խաղաղությունն ամենօրյա աշխատանք է, խաղաղությունը նորածին երեխայի նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։
Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրեկան է, և խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։
Այս համատեքստում, կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը»։


Читайте также

Оставить комментарий