ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀ-Ն ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը, որ Երևանում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին, հայտարարել է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Նրա խոսքով՝ Բաքվի համար կարևոր է, որպեսզի այդ պահանջները վերացվեն։Ըստ Թոփչուբաշովի կենտրոնի հիմնադրի՝ դա խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման միակ խոչընդոտն է։
«Այս պահանջը {տարածքային} ստեղծում է հնարավոր իրավական հիմքեր, ասենք, խաղաղության պայմանագիրը վերանայելու համար»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքական գործիչը։
Լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանի մայր օրենքն էլ է տարածքային պահանջներ պարունակում, Մուրադովը հակադարձել է՝ նշելով, թե դրանում չկան «կոնկրետ սահմաններ»։
«Այսինքն, այս պահանջը, որն իսկապես ունի Ադրբեջանի Սահմանադրությունը, չի ներկայացնում որևէ, ասենք, տարածքային հավակնություն, այլ պատմական ժառանգության խորհրդանշական կետ է»։
Հարցադրմանը, թե արդյոք այն, երբ ադրբեջանական իշխանությունները խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, տարածքային պահանջ չէ՞, նա պատասխանեց. «Արևմտյան Ադրբեջանը» հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է մարդկանց շահերը, ովքեր ժամանակին ապրել են Հայաստանում, և դա վերաբերում է մշակութային ժառանգությանը ավելի շատ»:
Պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե Բաքուն խոսում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու մասին, ապա արդյոք պատրաստվո՞ւմ է որպես խաղաղությանն ուղղված քայլ ազատ արձակել այսպես կոչված «Արցախի ռազմաքաղաքաղական ղեկավարությանը» և մյուս «գերիներին», ադրբեջանցի վերլուծաբանը պնդեց, թե այդ անձինք ռազմագերիներ չեն, այլ Ադրբեջանի օրենքը խախտած անձինք:
«Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռազմագերիները, հայ զինվորները, նրանք բոլորը ազատ են արձակվել: Իսկ մյուսները, ովքեր մնացել են, նրանք խախտել են Ադրբեջանի օրենքները»:
«Արդյոք որպես խաղաղության քայլ՝ պատրաստվո՞ւմ են ադրբեջանցիները դուրս գալ ՀՀ տարածքից, որ օկուպացրել են 2021-2022թթ.», այս հարցին Մուրադովն արձագանքեց՝ նշելով, որ երկու երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, և որ ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի ակնկալվների կամ տարածքների փոփոխություն:

