ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ։ ՍԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ Է. ՓԱՇԻՆՅԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն։ Եվ կարծում եմ, որ այդ ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի գործընկերներ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիր։ Նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։ Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։
Երեկ գագաթաժողովի մասնակից առաջնորդները, այսօր էլ, շնորհավորում էին թե մեզ, թե Ադրբեջանին հաստատված խաղաղության համար, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։
Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցություն բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության տարածքով, անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։


Читайте также

Оставить комментарий