ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՓԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԱՀԿ-Ի ՈՐՈՇՈՒՄՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ. ԲԱՅՐԱՄՈՎ
Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։«ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված կոչ է ուղարկվել՝ փակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները», - հայտրաարել է Բայրամովը Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում՝ նվիրված օգոստոսի 7-8-ը երկրի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։
Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը:
Այն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման է ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով:

