ԱՅՈ՛, ԱՄՆ-ԻՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՐԿ ՍՏԱՑԵԼ ԵՆՔ. ՓԱՇԻՆՅԱՆ
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք առաջարկներ ստանում ենք, և այդ առաջարկների մասին դուք ուղիղ կամ անուղղակի, այսպես թե այնպես, իմանում եք: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Փաշինյանը անդրադարձել է նաև «միջանցք» բառի շուրջ ձևավորված հանրային և քաղաքական զգայունությանը:
Փաշինյանը, որպես օրինակ նշել է, որ Հայաստանի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային ճանապարհը պաշտոնական փաստաթղթերում կրում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք անվանումը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «միջանցք» բառը մեզ համար որոշակի ալերգիկ կոնտեքստ է ստացել, բայց շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ որ ասում են միջանցք, մենք մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վերթռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը խոսել է նաև ժամանակակից դիվանագիտության գործելակերպի մասին՝ նշելով, որ ներկայումս բանակցային գործընթացի 90 տոկոսը ընթանում է ոչ պաշտոնական ձևաչափով։
Նա նշել է, որ շատ հաճախ մարդիկ ակնկալում են, որ կնքված, ստորագրված փաստաթղթեր կհրապարակվեն, բայց ժամանակակից դիվանագիտությունում շատ բան արվում է էլեկտրոնային նամակագրությամբ, հաղորդագրություններով, տարբեր հավելվածներով։ Վերջնական պաշտոնական փաստաթուղթը կազմվում է միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը համաձայնության են եկել:

