ԵՐԵՎԱՆԻՑ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋԼԻՍԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊՆԴՄԱՆԸ
Երևանից հերքում են, թե «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի «2 չհամաձայնեցված կետերն են»Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է:
«Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ ադրբեջանական «Թրենդ»-ի՝ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովն ավելի վաղ ասել էր, թե «այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»:
Մինչդեռ տարեվերջին հենց նախագահը Իլհամ Ալիևն էր ասել, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստում դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։ Իսկ անցած տարվա ամռանը Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հաղորդակցության ուղիների հարցը լուծել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։

