ԶԱԽԱՐՈՎԱ. «ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է նաև տարածաշրջանի նկատմամբ ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրության մասին:
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը չի նպաստում հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իհարկե, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում որևէ ներդրման մասին խոսք լինել չի կարող: Իհարկե, առաքելությունը սահմանային բախումներ կանխելու միջոց չի դարձել: Այդ ամենը հաստատում է մեր գնահատականը, որ կարգավորման հիմնական մեխանիզմներից մեկը պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը»,- ասել է Զախարովան:
Նրա փոխանցմամբ, Մոսկվան ողջունում է հանձնաժողովի չորրորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, և պատրաստ է կողմերին խորհրդատվական օգնություն ցուցաբերել:
Զախարովան խոսել է նաև տարածաշրջանի հանդեպ ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրության մասին: Նրա փոխանցմամբ, Մոսկվան վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտությունը կհետաձգի կարգավորումը Հարավային Կովկասում:
«Ինչ վերաբերում է Պենտագոնի հետ հայ պաշտոնյաների շփումներին, ապա մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամները, ներառյալ Միացյալ Նահանգները և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Մենք համոզված ենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներգրավվածությունը կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը և երկար ժամանակով կհետաձգի հարատև խաղաղ կարգավորումը»,- հայտարարել է Մարիա Զախարովան:


Читайте также

Оставить комментарий