ՕՎԵՐՉՈՒԿ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։
Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փոխվարչապետների հանդիպումը կլինի Մոսկվայում»,- ասել է նա։
Ինչպես նշել է Օվերչուկը, «կողմերը կիսում են նույն ըմբռնումը, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։
«Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»,- ընդգծեց նա։
Փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։ «Կոնկրետ կխոսենք, թե որն է լինելու հատման կարգը և ինչ ընթացակարգեր են լինելու»,- հայտարարել է նա:


Читайте также

Оставить комментарий